«Բոզբաշի» նման խառը․ ՔՊ-ականներն իրար են «ուտում»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, պարզվում է, ընտրություններ կեղծելու առաջին փորձաշրջանն անցել է ՔՊ վարչության ընտրության ժամանակ։
MediaHub-ի աղբյուրներն ասում են՝ Հովակիմյանն է նստած եղել համակարգչի առջեւ եւ մուտքագրել քվեարկության արդյունքները։ ՀՀ-ում ընտրությունների կեղծման թեման փակված համարող թումանյանասեր Փաշինյանն, ըստ էության, գտել է «գող փիսոին էլ, քաչալ շանն էլ»։
ԿԸՀ նախագահին կպատժի, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, բայց ինչպես ասում են՝ ձուկը գլխից են բռնում։
«Հայաստանի պատմության մեջ երբեւէ տեղի ունեցած համաժողովրդավարական համագումարի» մասին կրկին չէինք հիշի, եթե կեղծված ընտրությունների էջը հիմնովին փակված լիներ։
Մեր տեղեկություններով՝ կեղծված ընտրությունների խմորը դեռ շատ ջուր կտանի։ Կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ Փաշինյանն առաջին անգամ ստանձնեց ղեկավարի պաշտոնը, մինչև այդ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր։
Կուսակցության ղեկավարի փոփոխությունը բոլորովին պատահական չէր, մամուլում՝ Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը եւս։ Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ Փաշինյանին մտահոգում է պաշտպանության նախարարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում օր-օրի աճող վարկանիշը, ինչի մասին է վկայում նաեւ Փաշինյանի՝ վարչության նախագահի պաշտոնին վերադարձը։
Նոյեմբերի սկզբին ՔՊ կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ նա վերցրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ կուսակցության ղեկավարի «տիտղոսը», այդպիսով ինքն իրեն ապահովագրելով «դասալիք» ՔՊ-ականներից։
Վարչության ընտրություններում իբր սխալ հաշվարկի մասին շտապեց տեղեկացնել կուսակցության անդամ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը մրցակցության մեջ էր Սուրեն Պապիկյանի հետ՝ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար։ Մինչեւ ընտրությունները եւ դրանից հետո էլ նրանց մրցակցությունը շարունակվում է եւ վաղուց դուրս է եկել ՔՊ-ականների նեղ շրջանակից։
Քաղաքապետարանում վերջին ձերբակալությունը ու իրադարձությունների սրընթաց զարգացումները տանում են Տիգրան Ավինյանին «գահընկեց» անելուն։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորված փոխքաղաքապետի կողքին կհայտնվի «փոխքաղաքապետրանի» ղեկավար, այդ ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը։
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականցնելու նպատակով ստեղծվեց Պարետատուն, իսկ պարետ նշանակվեց Ավինյանը։
Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները մինչեւ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը կթակեն նաեւ Ավինյանի դուռը։