Հաղթեցի թուրքին, ադրբեջանցուն ու եկա, ոչ մեկը չդիմավորեց․ էլ անելու բան չունեմ այստեղ․ Իսրաելյանը լքում է հայրենիքը

Հաղթեցի թուրքին, ադրբեջանցուն ու եկա, ոչ մեկը չդիմավորեց․ էլ անելու բան չունեմ այստեղ․ Իսրաելյանը լքում է հայրենիքը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, մեկնում է այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու։ 

«Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար,  միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»,- գրել է նա:

MediaHub-ի հետ զրույցում բռնցքամարտիկը մանրամասնեց, թե իրականում ինչն է եղել նման որոշման պատճառը։

«Ես միշտ ուզել եմ իմ հայ ազգին ուրախացնել իմ հաղթանակներով, բայց որոշ պաշտոնյաներ կան, որ չեն գնահատում չեմպիոնի արածը, չեն տեսնում, որ 13 տարի ՀՀ-ն Աշխարհի չեմպիոն չի ունեցել, բայց մեկ տարում և՛ Աշխարի, և՛ Եվրոպայի չեմպիոն եմ եղել։ Մինչև օրս շնորհավորանք նույնիսկ չեմ ստացել, ոչինչ չի արվել Աշխարհի չեմպիոնին վայել, որևէ ուշադրություն չեմ զգացել։ Ես չեմ հանձնվում, միշտ առաջ եմ գնում, և այդ պատճառով էլ այս որոշումն եմ կայացրել, որ ավելի ճիշտ է այլ երկրի դրոշով հանդես գալ»,-ասաց նա։

Սպորտսմենը չմանրամասնեց, թե որ երկիր է տեղափոխվում, ասաց՝ այդ մասին հիմա միայն նա գիտի և որոշումը վերջնական է, երկիրը հավերժ լքում է, բայց խոստանում է, որ իր անունը դեռ շատ է հնչելու։

«Հարգանք, հետևողականություն, ունեցած հաջողություններին վայել վարձատվություն․ ոչինչ չի եղել։ Եթե մարզիկն աշխատում է, պիտի նաև վարձատրվի, եթե չեմ վարձրատրվում, կոպիտ ասած՝ հո կռվող շուն չե՞մ։ Թուրքերը եկան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականին հաղթեցին, տխրեցիք, չէ՞, ես էլ տխրեցի, երբ հաղթեցի թուրքին, ադրբեջանցուն ու եկա, ինձ ոչ մեկը չդիմավորեց՝ ո՛չ ֆեդերացիայի նախագահը, ո՛չ փոխնախագահը։  Հայաստանն իմ երկիրն է, կուզեի իր համար անել ամեն ինչ, հաղթանակներս հայրենիքիս նվիրեի, բայց չստացվեց, ես էլ այստեղ անելու բան չունեմ»,-ընդգծեց մարզիկը։

Լիաննա Թորոսյան