Փաշինյանի առցանց ասուլիսը կկայանա վաղը. շուրջ 30 լրատվամիջոց հրաժարվել է ձևական հարցեր ուղղելուց

Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսով հանդես կգա վաղը՝ ժամը 20,00-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հենց ինքը՝ Փաշինյնաը՝ նշելով, որ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց հարցերը մինչև հունիսի 27-ը՝ ժամը 12,00-ն:
Հիշեցնենք, որ շուրջ 30 լրատվամիջոցներ հրապարակավ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ հրաժարվում են ձևական հարցեր ուղղելուց:
«Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:
Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին»,- նշված է հայտարարությունում: