Գաղտնիության ռեժիմից մինչև անվտանգություն. ի՞նչ խնդիրներ է առաջ քաշում Անդրանիկ Քոչարյանի առաջարկը

Գաղտնիության ռեժիմից մինչև անվտանգություն. ի՞նչ խնդիրներ է առաջ քաշում Անդրանիկ Քոչարյանի առաջարկը

Անդրանիկ Քոչարյանը հանդես է եկել նոր առաջարկով՝ ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Ընդ որում՝ խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ։

Ըստ ԱԺ-ի հրապարակած մամուլի հաղորդագրության՝ ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձևավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:

Ուսանողական կամավոր ջոկատներ ձևավորելու մասին առաջարկը բազմաթիվ հարցեր է առաջ քաշել, օրինակ՝ ինչո՞ւ ուսանողները պետք է մեկնեն դիրքեր, արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել նրանց անվտանգությունը: 

Վերջին օրերին ամենից շատ քննարկված թեմայի շուրջ MediaHub–ը զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

«Առհասարակ լուրջ չեմ վերաբերում Անդրանիկ Քոչարյանի անձին, իսկ ինչ վերաբերում է իր առաջարկին, ապա առաջնագծում ցանկացած աշխատանք առաջին հերթին ենթադրում է անվտանգության մեծ միջոցառումների իրականացում, դա զուտ ծավալային առումով աշխատանքի իրականացում չէ, որ ուսանողներին կամ կամավորներին պարզապես տեղափոխեն առաջնագիծ և այնտեղ աշխատանքներ իրականացնեն»,– ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց՝ այդ աշխատանքներն իրականացվում են համապատասխան հրամաններով և համապատասխան անվտանգության միջոցառումների պահպանմամբ: Նա նաև շեշտեց, որ դա հակասում է Կառավարության այն մոտեցումներին, թե իրենք ամեն ջանք գործադրում են, այդ թվում մասնավորների ներգրավմամբ, որ կարողանան ամբողջական լուծում տալ առաջնագծում առկա աշխատանքներին։

«Ճիշտ է՝ մասնավոր ընկերությունների ներգրավվածությունը կա, սակայն, այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ իրենք բավարար աշխատանք չեն իրականացնում և ստիպված են աշխատանքի ներգրավել ուսանողական տարբեր խմբերի։ Ինքս որևէ ձևով դեմ չեմ կամավորական աշխատանքին կամ ուսանողներին այս կամ այլ նախաձեռնություններում ներգրավելուն, բայց ինչ վերաբերում է առաջնագծին՝ դա գաղտնիության ռեժիմից մինչև անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված բավական մեծ աշխատանք է ենթադրում, և ստեղծված իրավիճակում այս նախաձեռնությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ առաջ քաշում»,– շեշտեց մեր զրուցակիցը:

Ըստ Աբրահամյանի՝ կոնկրետ առաջնագծում ցանկացած շարժերը, այդ թվում՝ ինժեներական աշխատանքները, ենթադրում է համապատասխան անվտանգային միջավայրի ապահովում և այս պահին նա նպատակահարմար չի համարում ուսանողների ներգրավվածությունը առաջնագծում աշխատանքների իրականացմանը։

«Այս առաջարկը, եթե հանձնաժողովի հերթական նիստում է եղել, ես նպատակահարմար չեմ գտնում նիստերին մասնակցելը, իսկ եթե աշխատանքային կարգով է արվել՝ դրա մասին ես տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից»,– եզրափակեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ երեկ MediaHub-ը դիմել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, որը ևս զարմացել էր, թե ինչպես է հնարավոր, որ մարտական դիրքում ուսանողական ջոկատ գոյություն ունենա, և հավելել, որ չգիտի, թե ում հետ են քննարկել այս հարցը, բայց իրենք տեղյակ չեն եղել դրանից:

Մարիաննա Արամյան