Ես հիմարություններ երբեք չեմ մեկնաբանել և հիմա էլ չեմ ուզում մեկնաբանել․ Գևորգ Կոստանյան 

Ես հիմարություններ երբեք չեմ մեկնաբանել և հիմա էլ չեմ ուզում մեկնաբանել․ Գևորգ Կոստանյան 

Այսօր «Հետքը» գրել էր, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը ներկայում ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում է, Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում: 

«Հետքը» պարզել է, որ Կոստանյանը հաշվառվել է Մոսկվայի Նամյոտկին 18 հասցեում, որը կառուցել է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը: Բացի այդ, ըստ լրատվամիջոցի, նախկին գլխավոր դատախազը Մոսկվայում նաև շինարարական ընկերություն է հիմնել։ 

«Այսպես՝ 2019 թ. սեպտեմբերի 10-ին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքում Գեւորգ Կոստանյանն ու նրա գործընկեր Հայկ Գրիգորյանը հիմնադրել են «Բլագոստրոյ Սերվիս» ՍՊԸ-ն»,- գրել է «Հետքը»։ 

MediaHub-ին հաջողվեց կապ հաստատել Գևորգ Կոստանյանի հետ, որը բավականին սուր արձագանքեց մեր հարցին՝ նշելով․ «Ես հիմարություններ երբեք չեմ մեկնաբանել և հիմա էլ չեմ ուզում մեկնաբանել»։

Երբ ճշտեցինք՝ ինչո՞վ է, այդ դեպքում, զբաղվում Մոսկվայում, Կոստանյանն ասաց․ «Ես տնտեսական բնույթի որևէ գործունեությամբ երբեք չեմ զբաղվել և չեմ էլ պատրաստվում զբաղվել»։

Իսկ ՌԴ քաղաքացի՞ է, ունի՞ ռուսական անձնագիր։ Այս հարցի ճշտումը ավելի վրդովվեցրեց Կոստանյանին, որը նշեց, թե ինքն արդեն ամեն ինչ ասաց, որ հիմարություններ չի մեկնաբանում։ 

Վահե Մակարյան