Պառակտիր, որ տիրես․ Արայիկ Հարությունյանը ներքաղաքական ինտրիգները հանգուցալուծել չի ուզում 

Պառակտիր, որ տիրես․ Արայիկ Հարությունյանը ներքաղաքական ինտրիգները հանգուցալուծել չի ուզում 

Երբ Ադրբեջանի նախագահն ասում է՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ-ն այդ տարածքի մեջ է, մենք այլ երկրի ղեկավարներից ի՞նչ սպասենք, եթե մեր իսկ շահը ներկայացնողը չի խոսում, որ այնտեղ ապրում են հայեր, որոնք 91 թվականին ինքնորոշվել են ԽՍՀՄ Սահմանադրությամբ և միջազգային բոլոր նորմերին համահունչ։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած մոսկովյան եռակողմ հանդիպման մասին։ 

«Արայիկ Հարությունյանը, իրականում, գործնականորեն ոչինչ չի անում, քայլեր չի անում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների դեմ, պարզապես որոշ հակադարձող ուղերձներ է հղում և չի նշում հստակ քայլեր, որոնք կարող են զսպող օղակ հանդիսանալ Փաշինյանի շարունակական գործելաոճի դեմ։ Երեկ էլ ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեցին, թե Արայիկ Հարությունյանը կողմ է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, այսինքն նրանք, հաշվի առնելով տիրող իրավիճակը, փորձում են կոնտեքստից կտրված բառակապակցություններ հանել ու ցույց տալ, թե Արցախի իշխանությունները նույնպես համամիտ են այս սցենարին»,-ասաց նա։ 

Գալստյանի խոսքով՝ Արցախի իշխանությունները պետք է հստակ արձանագրեն, թե որն է այն կարմիր գիծը, որը հատում է Նիկոլ Փաշինյանը և ինչ են անում սրա դեմ։ 

«Եթե չեն ասում, ապա տպավորություն է, որ իրենք բավարարվում են միայն հայտարարություններով ու հորդորներով, որոնց Փաշինյանը ականջալուր չի լինում և առաջ է տանում իր թեզերը, որոնք դեռ 2018 թվականից էին իր օրակարգում, որի հերթական դոզան տեսանք մայիսի 22-ի իր ասուլիսում»,-շեշտեց Գալստյանը։ 

Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, թե պետք է այնպիսի լուծում գտնել, որը ձեռք կտա երեք ժողովրդին էլ։

«Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են անտեսվում արցախցիների պահանջները, բազմահազարանոց հանրահավաքները։ Փաստն այն է, որ այն լուծումները, որոնք Նիկոլ Փաշինյանն է առաջարկում, ձեռնտու չեն կարող լինել Արցախի ժողովրդի համար: Պետք է հստակեցնել, որ Նիկոլ Փաշինյանը շեղվել է այլ խոստումներից, որը տվել է Ստեփանակերտում և հետագա իր նախընտրական ծրագրերում և Արայիկ Հարությունյանի հետ ունեցած առանձնազրույցներում, որոնց մասին Հարությունյանը չի խոսում, սա էլ մեզ համար կասկածելի է»,-ընդգծեց նա։ 

Դիտարկմանը, թե նույն ժամանակ Արցախում ներքաղաքական ինտրիգները չեն թուլանում, վերջինս պատասխանեց, որ Հարությունյանը բազմիցս խոստումներ է տվել, բայց միշտ շեղվել է իր խոստումներից։

«Տպավորություն է, որ Արայիկ Հարությունայնը չի ուզում, որ ներքաղաքական խնդիրները հանգուցալուծվեն։ Նա իր կառավարման օրվանից առաջնորդվում է «պառակտիր, որ տիրես» սկզբունքով»,-ամփոփեց նա։ 

Լիաննա Թորոսյան