Վահագն Խաչատուրյանը հայտնվեց, ՔՊ-ին հաջողվել է «Հանրային ձայն»-ին իր կողմը գրավել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի եւ Արցախի խնդիրների մասին խոսել չսիրող եւ խոսելուց խուսափող Վահագն Խաչատուրյանը շատ ակտիվ է այլ երկրներին ցավակցելու հարցում։ Երեկ էլ նա հերթական անգամ փայլել է եւ որոշել ցավակցել Իսրայելի եւ Պաղեստինի ժոզովրդին։ Նկատենք, որ նա ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ ժողովրդին չի ցավակցել ողբերգական իրադարձությունների առիթով: Նախագահը Արցախի մասին շատ կցկտուր է խոսում։ Օրինակ՝ հոկտեմբերի վեցին նա այդ մասին խոսել է «Ֆրանս 24»-ի հետ հարցազրույցի ժամանակ առկա խնդիրների մասին դիտարկումների ընթացքում։
Մի առիթով չէ, որ գրել ենք՝ սեպտեմբերի 19-ից հետո Վահագն Խաչատուրյանը կորել էր ասպարեզից։ Նրան անգամ չէր անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալներն այդ մասին են վկայում։ Հիմա էլ հանկարծ Վահագն Խաչատուրյանը որոշել է խոսել Արցախի մասին՝ ցավակցելով, սակայն, նաեւ այլ երկրներին։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շատերն են հասցրել նկատել, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա իրականացրած հարձակումը, ապա և Արցախի բռնի հայաթափումը փաշինյանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է կապակցել ԱՀ-ում նախագահի փոփոխության հետ: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներն այս օրերին ջանք չէին խնայում՝ տարածելու և հանրային ընկալման տիրույթում «մեխելու» համար մի թեզ, ըստ որի՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ պատճառով Ադրբեջանը հարձակվեց: Ավելին, այդ հարձակման ծանրագույն հետևանքները ևս փաշինյանական շրջանակները ջանում են բարդել Արցախի՝ մի քանի օրվա նախագահի ու դեռ մի կարգին չվերաձևավորված կառավարության վրա:
Բացի այն, որ նման քարոզչությունն ուղղակի մանիպուլյատիվ է և նպատակ ունի մեղքերն այլոց վրա բարդել ու Փաշինյանին պլստացնել պատասխանատվությունից, վերը նշված «թեզերը» ուղղակիորեն իրականության ու դեպքերի պատճառահետևանքային կապի խեղաթյուրում են, եթե ոչ՝ նենգախեղում: Առաջին անողոք փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա դրանից հետո էլի մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Դրանով Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատ է արձակել Ադրբեջանի, Ալիևի ձեռքերը, որ նա ազատ է Արցախի հայության դեմ իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում՝ բլոկադա, էթնիկ զտում, ըստ էության՝ ցեղասպանություն, իսկ Հայաստանը դրան կարձագանքի առավելագույնը հայտարարություններով, կոչերով:
Ավելին, մյուս անողոք փաստն այն է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա իշխանության այլ ներկայացուցիչներ չշնորհավորեցին Սամվել Շահրամանյանին, երբ Արցախի ԱԺ-ն նրան ընտրեց նախագահ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության համար խստորեն անհանգստացող Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ օրերին ակնարկել էր, թե տեղյակ է, որ Հայաստանի իշխանությունը, ադրբեջանականի պես, անհանգստացած է Արցախում նոր նախագահ ընտրելու փաստից: Երկրորդի հետ փոխկապակցված մյուս անողոք փաստն այն է, որ չշնորհավորելով՝ Նիկոլ Փաշինյանը առավել քան պարզ ցույց տվեց, որ Հայաստանը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի պաշտպանելու Արցախի հայությանը, ոչինչ չի ձեռնարկելու, մի խոսքով՝ ձեռքերը վերջնականապես է լվացել Արցախից և այնտեղի փոփոխությունների հետ որևէ կապ չունի, որքան, օրինակ՝ Ադրբեջանը:
Ըստ փորձագետների, «չշնորհավորելը» Ալիևի համար յուրատեսակ «կանաչ լույս» էր, որ նա անպատիժ կարող է անել Արցախի ու Արցախի հայության հետ այն, ինչ կուզի, իսկ Հայաստանը կմնա դիտորդի դերում: Նա էլ արեց՝ անարգել սկսեց պատերազմել փոքրիկ և միայնակ մնացած պետության հետ, հայաթափեց հազարամյակներով հայկական ու հայերի համար բնօրրանային Արցախը:
Հրապարակ օրաթերթը գրում է․
«Քաղպայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ առեւտուրը թեպետ չի ավարտվել, բայց խոսվում է, որ ՔՊ-ին աջակցելու դիմաց՝ 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու վերջինիս, ինչպես նաեւ՝ Երեւանի ենթակայությամբ գործող հիմնարկներում յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորություններ։ Թեպետ ավելի վաղ խոսվում էր, որ փոխքաղաքապետի պաշտոնի հավակնորդն Արամ Սարգսյանի հավատարիմ զինակից Անի Խաչատրյանն է, սակայն ՔՊ-ում դեմ են նրա թեկնածությանը, եւ հնարավոր է այդ պաշտոնը հասնի ցուցակի 2-րդ համարին՝ Սարգիս Մադաթյանին։ Նա տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին է, ժամանակին՝ Էրեբունու ընտրական «տասովշչիկներից»։
Հավանաբար, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը եւս ՔՊ-ն կզիջի «Հանրապետությանը»։ Բայց դեռ ոչինչ վերջնական չէ՝ քննարկվում է նաեւ փոխքաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին տալու տարբերակը, այդ դեպքում Մադաթյանն Էրեբունու թաղապետ կնշանակվի։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ Մալաթա-Սեբաստիան եւ Արաբկիրը Զավենիչին հանձնելու հարցը, անգամ Մալաթիայի թաղապետի թեկնածուների անուններ են հնչել՝ Լեդի Հակոբի որդին կամ ԵԿՄ կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Խաչատրյանը։ «Հանրապետությունը», ըստ մեզ հասած լուրերի, նախընտրում է Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր համայնքները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Երեւանի ավագանին այսօր առաջին նիստը կհրավիրի, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն է։ Ենթադրվում էր, որ ոչ իշխանական 3 ուժերը՝ Անդրանիկ Թեւանյանի, Հայկ Մարությանի եւ Արտակ Գալստյան-Վարդան Ղուկասյան (Դոգ) զույգի, կմիավորվեն ու Երեւանում իշխանություն կձեւավորեն, սակայն չհաջողվեց։ ՔՊ-ն եւ իշխանության դուստր ձեռնարկություն «Հանրապետություն» կուսակցությունը` իր 32 մանդատով (65 մանդատից) իշխանություն կձեւավորեն Երեւանում, քանի որ նրանց հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իրենց կողմը գրավել։
Դոգը մի քանի չեմուչումից հետո հայտարարեց, որ չի աջակցելու ռոբասերժական կլանի՝ իշխանության գալուն։ Ավինյանը չէր ընտրվի, եւ կարող էին նոր ընտրություններ կայանալ, սակայն Դոգը հայտարարեց, որ դեմ է նաեւ նոր ընտրություններին, այսինքն` ո՛չ Հայկ Մարությանին է օգնելու՝ դառնալ քաղաքապետ, ո՛չ էլ բոյկոտելու է ավագանու առաջին նիստը, եւ կինոն, ինչպես ասում են, ավարտվեց։ Այսօր նրա կուսակցության անդամներից մեկը կամ մի քանիսը կմասնակցեն նիստին, քվորում կապահովեն, եւ Ավինյանը 27 ձայնով կընտրվի քաղաքապետ։