Ի՞նչ հարաբերություններ ունեն Արցախի եւ Հայաստանի իշխանավորները, Պաշտոնների բազարը շարունակվում է․ Մամուլը՝ սուրճով

Ի՞նչ հարաբերություններ ունեն Արցախի եւ Հայաստանի իշխանավորները, Պաշտոնների բազարը շարունակվում է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վտարանդի իշխանությունների ներկայացուցիչների եւ ՀՀ իշխանավորների միջեւ կապը գրեթե ամբողջությամբ խզված է։ ԱՀ կառավարությունը ողջ կազմով Հայաստանում է, արցախցի նախարարները գրեթե ամեն օր հավաքվում են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում: Նրանցից ոմանք փորձել են հայաստանյան գործընկերների հետ հանդիպել, քննարկել ոլորտային խնդիրներ, փորձել տեղահանվածների, դիցուք` կրթական, առողջապահական եւ այլ խնդիրներին ավելի համակարգված լուծում տալ, սակայն, ժողովրդի լեզվով ասած` նրանց ցրել են:

Միակ կապը, կարելի է ասել, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանի միջեւ է քիչ թե շատ գործում` միմյանց հետ քննարկում են տեղահանվածների հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղիները։ ԱՀ պաշտոնյաները տպավորություն ունեն, որ Փաշինյանն ու նրա կաբինետը փորձում են Արցախը ջնջել անգամ մարդկանց հիշողությունից, ցույց տալ, որ Արցախ չի եղել, ու ցանկություն էլ չկա «վառ պահել հիշատակը»։

Ի դեպ, ԱՀ քաղաքական էլիտան եւս ճամբարների է բաժանվել․ ոմանք կողմ են ՀՀ իշխանությունների դեմ կոշտ հայտարարություններ անելուն՝ այն առումով, որ հայրենիքից, տնից-տեղից զրկել են իրենց, հիմա էլ աշխատավարձից են զրկում, որը հնարավորություն կտար մի քանի ամիս ապրել։ Ոմանք էլ, այդ թվում՝ նախագահ Շահրամանյանը, կարծում են, որ չի կարելի սրել իրավիճակը, հիմա միայն տարհանված արցախցիների խնդիրներն են կարեւոր»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայից հետո Արցախի կառավարության անդամները եւ պատգամավորները տեղափոխվել են Հայաստան: Արցախի Հանրապետության կառավարությունը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի ղեկավարությամբ, իր գործառույթներն իրականացնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Արցախի պատգամավորներն էլ իրենց հերթին են տարբեր շրջանակների հետ հանդիպումներ ունենում, առանց որեւէ իրական արդյունքի: Տպավորություն է, սակայն, որ արցախցի պաշտոնյաները եւ պատգամավորները ինչ-որ բանի են սպասում:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է բարձրաձայնել, որ Արցախի կառավարությունը եւ պատգամավորները պետք է արտահերթ նիստ հրավիրեն եւ բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը եւ պետությունը լուծարելու որոշումը չեղարկեն, որպեսզի միջազգային երաշխիքների պայմաններում հնարավոր լինի ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած նախագահ Սամվել Շահրամանյանն է պատգամավորներին զսպում, որպեսզի նման բան չնախաձեռնեն, մինչեւ ինքը հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ու համաձայնեցնի իրենց քայլերը: Փաշինյանն էլ չի հանդիպում, քանի որ խուսափում է բարկացնել Ալիեւին: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչու պատգամավորները արտահերթ նիստ չեն հրավիրում, որպեսզի ինքնորոշման հարց բարձրացնեն:

Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ դեռ անվտանգային մի շարք հարցեր կան, որոնք պետք վերլուծեն, ինչից հետո նոր իրենց անելիքները կորոշեն. «Հիմա որոշակի խնդիրներ կան, շատ փակ թեմաներ կան, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին. մինչեւ այդ փակ թեմաները չքննարկվեն, չենք կարող քայլ անել: Մենք չպետք է վտանգենք ժողովրդի կյանքը: Իրավիճակը բազմակողմանի վերլուծելուց հետո միանշանակ կլինի համապատասխան հայտարարություն, հանրությունը տեղյակ կլինի մեր քայլերից: Այս պահին դեռ որոշակի թեմաներ կան, որոնք պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկել. շտապողականությունը լավ չէ»:

Արդյոք Սամվել Շահրամանյանը որեւէ կերպ խոչընդոտո՞ւմ է նրանց այս հարցում. հարցին պատգամավորը պատասխանեց. «Կոնկրետ Սամվել Շահրամանյանը չի կարող ինչ-որ բան թույլ տալ կամ չտալ. ինքն ԱԺ-ի վրա որեւէ լիազորություն չունի, ընդհակառակը, ԱԺ-ն ունի լծակներ»: Ի դեպ, ուշագրավ է, որ Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանը տարօրինակ լռություն է պահում: Մինչ փորձագիտական շրջանակները, ընդդիմադիրները պնդում են, որ նրա ստորագրած փաստաթուղթը իրավական որեւէ ուժ չունի, քանի որ ճնշման տակ է ստորագրվել, Շահրամանյանը խուսափում է խոսել ու պարզաբանում տալ՝ ի վերջո ինչ է ստորագրել: Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Արցախի պատգամավորները՝ որպես քաղաքական բարձրագույն մարմնի ներկայացուցիչներ, պատրաստվում են հայտարարել, որ իրենք եւս Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթն առոչինչ են համարում, քանի որ այն պարտադրանքի ներքո է ստորագրված:

«Ես իմ հանրային խոսքում հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով, հետեւաբար որեւէ պաշտոնյայի կամքից երկրի՝ գոյություն ունենալը կամ չունենալը չի կարող կախված լինել: Ինչպես գիտենք, պետության երեք սյուները՝ գործադիր, օրենսդիր եւ դատական, իրարից անկախ են, եւ յուրաքանչյուրի գործառույթները հնարավոր է հակակշռել»,- ասաց Հովհաննիսյանը:

Թե ինչ կնախաձեռնեն Արցախի պատգամավորները եւ վտարանդի կառավարությունը, կտեսնենք առաջիկայում, բայց մի բան հստակ է՝ ժամանակը մեր դեմ է աշխատում, եւ հապաղելը միայն վնասելու է քայլերի արդյունավետությունը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանրապետություն» կուսակցություն-ՔՊ բանակցություններն ավարտվել են, պաշտոնները՝ բաժանվել: Տեւական փնտրտուքից հետո գտել են նաեւ Դավթաշենի թաղապետի թեկնածուին` կնշանակվի Արամ Սարգսյանի կուսակից, տնտեսագետ Ալբերտ Հովասափյանը, ում մասին շատ տեղեկություններ չկան, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ-երկու գրառման։ Մեզ ասացին, որ Հովասափյանը տարբեր տարիներին կուսակցության նախընտրական շտաբն է ղեկավարել, համակարգել ընտրական գործընթացները։

Գրել էինք, որ Մալաթիա-Սեբաստիայում թաղապետ կնշանակվի ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, Նոր Նորքում` աղմկահարույց գրառումներով հայտնի Տիգրան Տեր-Մարգարյանը։ Կարելի է ասել, որոշում է կայացվել նաեւ փոխթաղապետի հարցում․ այն կզբաղեցնի ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանը՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին, իսկ Անի Խաչատրյանը կդառնա խմբակցության ղեկավար, Արտակ Զեյնալյանն էլ մինչեւ տարեվերջ կտեղավորվի ՍԴ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տեղավորելու արատավոր պրակտիկային վերջ տալու եւ այդ ամոթալի էջը մեր պատմության մեջ փակելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են խաբել հասարակությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը եւ ամուսինը աշխատանքի են տեղավորվել ՀՀ Ազգային ժողովում: Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս Ալբերտը գործազուրկ է եղել: Թերեւս հիմա զուտ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է: Հայկ Պալյանը նաեւ ՔՊ-ի համար հայհոյախոսող «ֆեյք է աշխատում»:

Հիշեցնենք, որ մինչ 2021 թվականը Էմմա Պալյանն ինքն էր գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը, իսկ 2021թ.-ի գարնանը վերցրեց պատգամավորական մանդատը: Էմմա Պալյանը նաեւ ԱԺ-ում վայելում է Ալեն Սիմոնյանի հովանավորությունը, քանի որ մինչ հեղափոխությունը Պալյանն Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ»-ում էր աշխատում:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է թեմային, թե ինչպես են ՔՊ-ականներն իրենց ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին ԱԺ-ում եւ այլ պետական կառույցներում աշխատանքի տեղավորում: Այսպիսով, ստացվում է, որ նախկինների ԽԾԲ-ն քննադատող թավշյահեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվում այս արատավոր բարքից, այլեւ մեծ հաճույքով շարունակում ու ծաղկեցնում են այն:

«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական շրջանակներում լուրեր կան, որ ՔՊ-ի քարոզիչներից մեկը` երդվյալ «նիկոլական» Գնել Սարգսյանը, հնարավոր է նշանակվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Այս համայնքը կոալիցիայի արդյունքում ՔՊ-ն զիջել է «Հանրապետություն» կուսակցությանը, սակայն ներքին պայմանավորվածություն կա, որ փոխթաղապետերից մեկը ՔՊ-ի քվոտայով նշանակվի։ Այս նշանակման մասին լուրը դժգոհությունների ալիք է բարձրացրել թիմի ներսում․ անգրագետ, բարձրագույն կրթություն չունեցող դերասանը, որն առաջին պլան է եկել բացառապես ընդդիմությանը հայհոյելու-քննադատելու պատճառով, անգամ փոխթաղապետի պաշտոնին արժանի չէ` կարծում են ՔՊ-ում։

ՔՊ-ում դժգոհություն կա նաեւ մյուս թաղապետերի փոփոխության մասով: Կարծես թե վերջնական որոշում է կայացվել՝ փոխելու բոլոր վարչական ղեկավարներին, բացի Քանաքեռ-Զեյթունի ու Շենգավիթի թաղապետերից, չնայած նրանցից մի քանիսը ՔՊ-ի համար ավելի լավ արդյունք են ապահովել, քան Քանաքեռ-Զեյթունը ղեկավարող, նախկին ԲՀԿ-ական Արտակ Հովակիմյանը եւ Շենգավիթի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման որոշումը: ՀՀ դատախազությունը հաստատեց, որ Գեղամ Պետրոսյանը կապ չունի իրեն մեղսագրվող սպանություն արարքի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չէր արվում, եւ քրեական գործը մնացել էր Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար:

Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որեւէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երեւանի կենտրոնում 10 քաղաքացու: Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը եւս չկատարեց։ Եւս մեկ հիշեցում. դեռ 2019 թվականի հուլիսի 12-ին «5-րդ» ալիքի եթերում Աժ պատգամավոր Թագուհի Թողմասյանը, անդրադառնալով Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործին, հայտնել էր. «Ինձ համար մտահոգիչ է, որ մենք ունենք հանրությանը դուր գալու համար արդարադատություն։ Սա նույնքան անընդունելի է, որքան զանգովի արդարադատությունը։ Մենք չենք կարող որեւէ մեկի քիմքին հաճոյանալու համար արդարադատություն իրականացնել»։ Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանին, Թագուհի Թովմասյանը դեռ 2019-ին ասել էր. «Գեղամ Պետրոսյանի մասով բացահայտման վերջին դեպքը այդ շարքից է: Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ է մեղադրվում. կարդացի, որ որեւէ առնչություն չունի, եւ փորձագիտական եզրակացությունն արդեն կա, որ իրեն ամրակցված զենքը եւ Հովհաննիսյանի մարմնի պարկուճները չեն համապատասխանում։ Ինքը չի կրակել։ Այսինքն՝ սա նշանակում է, որ պետք է նրան անմիջապես ազատ արձակել։ Եթե նա անմեղ է, պետք է ազատ արձակել, որքան էլ չուզենանք»։

Այդպես էլ եղավ, մինչդեռ այդ ժամանակ ՔՊ-ականները քննադատում էին իրենց գործընկեր Թովմասյանին: