Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։
Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։
«Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար», ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», ավելացրեց նա։
Նշենք, որ վարչական ղեկավարները աշխատանքային խմբի աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում են կայացրել: Երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանը նաեւ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս,
Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»։
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ.․«Էն ինչ որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար։ Վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ փոխելու համար նրա խափանման միջոցը, քանի որ գործով 30 վկաները արդեն հարցաքննվել են, եւ վերացել է նրանց հնարավոր ճնշման հնարավորությունն ու իմաստը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:
Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը: Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն կամ քաղաքական մոտիվներով կալանք»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցեր»: Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու եւ Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարեւանությամբ։
Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի եւ Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության եւ հողագործության նպատակով: Հարեւանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ․ կմ-ով մեծ։
Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեեւ թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի: Կստացվի, որ Ալիեւը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստ