Օհանյանի ճակատագիրը, Փաշինյանի վախերը, Միրզոյանի բաց սիրտը․ Մամուլը՝ սուրճով

Օհանյանի ճակատագիրը, Փաշինյանի վախերը, Միրզոյանի բաց սիրտը․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր եւ քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին:

Դատախազի միջնորդությունները լսելուց հետո ՔՊ-ականները միաձայն քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ընդդիմությունը բոյկոտել էր թե’ հարցի քննարկումը, թե’ քվեարկությունը:

Ասել է թե՝ գնդակն արդեն դատախազության դաշտում է. Օհանյանի հետ կապված մյուս հարցերը քննարկվելու են իրավական տիրույթում: Վարույթ իրականացնող մարմինն արդեն կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Թեեւ Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց նա շարունակում է պահպանել իր պատգամավորական մանդատը եւ հանդիսանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար:

Նրա պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի: Կալանքի համար դատախազը կրկին պետք է խորհրդարան գա եւ պատգամավորների համաձայնությունը ստանա:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություններ արեց խորհրդարանում։ Պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին՝ Փաշինյանը խոսեց ԵՄ առաքելության՝ Հայաստան այցի մասին եւ ասաց բաներ, որոնք հակասում էին նախկինում ասվածներին։

Նա, ըստ էության, փորձեց բացատրել, թե, իր խոսքով ասած, ինչպես է ստացվում, եր ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը չի ժամանում Հայաստան, այլ ժամանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը:

«Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արեւմտյան դավադրության մասնակից: Մենք էլ ասացինք՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում. սա կարեւոր նյուանսներից մեկն է», – ընդգծեց վարչապետը:

Այս հայտարարությունը ուշագրավ է այն առումով, որ երկար ժամանակ նշվում էր, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստանի սահմանը դիտարկելու, օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայից երաշխավորելու եւ հնարավոր ոտնձգություններն արձանագրելու համար: Ստացվում է հակառակը. նրանք գալիս են համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, եւ ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը։

«Հրապարակ» թերթը գրում է.

Ալեն Սիմոնյանը երեկ ընդունել է վերջին 2 օրը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անող սեւազգեստ մայրերին։ «Քիչ առաջ հանդիպեցի մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- հանդիպումից հետո հայտնեց նա: Բանակում տարբեր տարիների խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, պարզվում է՝ փորձել են Սիմոնյանի միջոցով հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ում ընդունելությանը ոչ մի կերպ չեն կարողանում արժանանալ՝ նրա նշանակման պահից սկսած:

Տեսնելով, որ դատախազը խորհրդարանում է, նրանք շտապել են ԱԺ` հույս ունենալով Սիմոնյանի միջոցով հանդիպում ստանալ դատախազից: Որդեկորույս ծնողները գանգատվել են ԱԺ նախագահին, որ նա անհասանելի է իրենց համար, մինչդեռ ընտրվելիս իր ելույթում նշել էր, թե իրենց զավակների գործերի բացահայտումը դժվար չէ։ Հիմա իրենք ուզում են բացատրություն պահանջել, թե ինչու մինչ այժմ գործերը չեն բացահայտվել։ Նրանցից ոմանք էմոցիոնալ պահվածք էին դրսեւորել, սակայն Ալեն Սիմոնյանը կարողացել էր «փրկել» դատախազին եւ համոզել, որ ճիշտ չէ խորհրդարանում նման հանդիպումը, որ դատախազի գրաֆիկը դա թույլ չի տալիս, եւ ծնողներին դատախազության դուռն է ցույց տվել։

«Հրապարակ» թերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են։ Երեկ ԱԺ մուտքի անցակետում ՊՊԾ աշխատակիցները մեր լրագրողից պահանջել են բացել հեռախոսի էկրանը, որպեսզի հավաստիանան, որ հեռախոսը «մուլյաժ չէ»:

Հարցին, թե երբ եւ ինչու է նման որոշում ընդունվել, աշխատակիցներից մեկն ասել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, չմանրամասնելով, թե ում անվտանգության մասին է խոսքը: Եվ բացատրել է․ «Հեռախոսի փոխարեն կարող են պայթուցիկ նյութ մտցնել խորհրդարան»։

Ուշագրավ է, որ ընդամենը մեկ օր առաջ նման պահանջ չէին ներկայացնում: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն էր, որին ներկա էր նաեւ վարչապետ Փաշինյանը, այսինքն՝ անվտանգության խստացված ռեժիմը գործում է միայն վարչապետի այցի օրերին։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված հետաքրքիր դրվագներ են փոխանցում արտգործնախարարությունից։ Մեր աղբյուրը նշում է, որ մասնավորաբար Բրյուսելում Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։

Նա փորձել է անկեղծանալ հայաստանյան իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ։ Ընդ որում, նա այդ ամենը փորձել է մատուցել եվրոպացիներին հաճելի աշխարհաքաղաքական կողմնորոշման «սուոսով»՝ քանիցս իր խոսքում շեշտելով ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը»։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ, ըստ էության, հետաքրքրված չեն շատ մանրամասներով, և որ նման հանդիպումների ժամանակ այդպիսի մենախոսությունները տեղին չեն։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տնտեսագետները պարբերաբար նշում են, որ Հայաստանի գործող իշխանությունները հատկապես ծախսային մասով իրականացնում են անարդյունավետ քաղաքականություն: «Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա՝ ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել:

Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործող իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակ բողոքում էին հենց անարդյունավետ ծախսերից՝ տնտեսագետը նշեց. «Սկսենք նրանից, որ անգամ լավ ընդդիմություն չեն եղել:

Նրանք պոպուլիստական մակարդակով հանրահայտ թերություններ էին մատնանշում՝ չունենալով խորքային վերլուծություններ, գիտելիքներ ու տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀում: Այսօրվա կառավարության ղեկավարը ընդդիմություն եղած ժամանակ խոսում էր զուտ խոսելու համար, շատ դեպքերում՝ անբովանդակ: Խոսում էր հետագայում ձայների տեսքով ընտրությունների ժամանակ դիվիդենտներ ստանալու համար, ու նպատակը ոչ թե Հայաստանի հարատևմանն ուղղված գործողությունների կատարումն էր, այլ քվե ստանալը»: