Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ վերջին օրերին իշխանական լրատվամիջոցները, բառի բուն իմաստով, տեռոր են կազմակերպել` իշխանական, մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչների կարծիքներն են հրապարակում առ այն, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պարտավորությունները եւ սեպտեմբերի 13-ին ռազմական եւ այլ աջակցություն չի ցուցաբերել։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երեւանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։ Ծառայությունը մատուցելու է «Կոդդարտ գրուպ» ՍՊԸ-ն։ Զարդարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ դեկտեմբերի 4-ը ենթադրվում է՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մրցույթից մեկ օր առաջ։ Զարդարվելու է Մալաթիայի Երիտասարդության այգին․ կտեղադրվի տոնածառ,  կլինեն դեկորատիվ նվերներ, լույսերի սյունաշար եւ այլն։ Իսկ Քանաքեռ- Զեյթուն շրջանի ամանորյա լուսավորության համար ծախսվելու է 7 մլն դրամ։ 

«Հրապարակ» թերթը գրում է․

Մենք տեղեկություն էինք ստացել, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մտադիր է իր թեկնածությունը դնել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Մեզ հետ զրույցում Չալաբյանը նշեց, որ այդ հարցին կարելի է անդրադառնալ մի քանի ամսից, մինչ այդ իր հիմնական գործունեությունը կենտրոնացած է լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության վրա։

«Հրապարակ» թերթը գրում է․

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝  չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետեւ Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Մենք կապվեցինք նրա հետ, եւ նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաեւ, որ տարաձայնություններ են եղել իր եւ կուսակցության ղեկավարության միջեւ, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաեւ, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սեւ ամպեր են կուտակվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասով օպերատիվ տեղեկություններ են ստացել , որի մասով սկսվել է գործընթաց: Բացի այդ՝ քաղաքական իշխանություններն են Ծառայության պետի գործունեության մասով բացասական գնահատական տվել, ուստի չի բացառվում ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հրաժեշտ տա իր պաշտոնին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ՝ նրանք ունե՞ն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյո՞ք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախում իրականցվող շինարարական աշխատանքների համար պետական գերատեսչությունների կողմից հայտարարված մրցույթներում մեծամասամբ «Կապավոր» ՍՊԸ-ն է հաղթում: Ու դա կարելի է պնդել անգամ՝ ուսումնասիրելով ընկերության Facebook-ի պաշտոնական էջը, ու ամեն ինչ պարզ կլինի: Սոցիալական ցանցում տեղադրած տեղեկությունից էլ հստակ է՝ ընկերությունն է շահում պետության կողմից հայտարարվող բազմաթիվ մրցույթներն ու ինքն իրականացնում թե՛ ճանապարհների, թե՛ բնակարանների ու առանձնատների կառուցումը, թե՛ անգամ ձնամաքրման աշխատանքները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Իշխող քաղաքական թիմի համար, փաստորեն, անգամ շտապօգնության մեքենաների նվերը կարող է իրական տոնի վերածվել: Երեկ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Ճապոնիան Հայաստանին շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրել: Առանձնահատուկ որեւէ բան չունեցող այս ինֆորմացիան ու իրադարձությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ մեքենաները դիմավորելու «ավետիսով» մատուցվեց:

Աշխարհի բոլոր երկրների համապատասխան գերատեսչությունները վաղուց ի վեր արագագնաց ու բժշկական սարքավորումներով համալրված ավտոմեքենաներ ունեն, իսկ մեր երկրի ղեկավարությունը փոքր երեխայի՝ նոր խաղալիք ձեռք բերելու պես ուրախանում ու գլուխ է գովում, թե տեսեք՝ մեզ մեքենա են նվիրել: