Դատավորների հեռախոսներն են զննել․ նոր փաստեր՝ Վեհափառի եղբորորդու քրգործից

Հակակոռուպցիոն դատարանում երեկ կայացավ ավելի քան ութ ամիս կալանքի տակ գտնվող դատախազ Կորյուն Ներսիսյանի գործով հերթական դատական նիստը։
Ենթադրյալ կաշառքի գործով մեղադրյալ Ներսիսյանի փաստաբան Էմին Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ մի շարք փաստական հանգամանքներ են ի հայտ եկել առ այն, որ Կորյուն Ներսիսյանը խնդրո առարկա ժամանակահատվածում առհասարակ կապի մեջ չի եղել որեւէ դատավորի հետ, հետեւաբար ո՛չ կաշառք է վերցրել, ո՛չ էլ որեւէ առնչություն ունի կաշառքի համաձայնություն ձեռք բերելու հետ։
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի քրեական գործում շոշափվում են նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները։ Փաստաթղթերի ուսումնասիրության ավարտից հետո, ըստ երեւույթին, վկայի կարգավիճակում կլինեն նաեւ հենց այս դատավորները։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի եւ Ն․Ա․-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։
Ներսիսյանին մեղսագրվող արարքում նշվում է, որ նա դրդել է դատավոր Ադամյանին չարաշահել իր լիազորությունները, ինչն՝ ըստ փաստաբանի աբսուրդ է։
«Նման բան չկա, ու չի կարող լինել։ Գրավոր փաստաթղթերի ու գաղտնալսումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Ներսիսյանին առաջադրված կաշառքի մեղադրանքը իրականության հետ չի համապատասխանում։ Մենք նախկինում էլ էինք ասում, որ պատրաստվում ենք դատարանում պաշտաճ իրավական ընթացակարգերով ապացուցել Ներսիսյանի անմեղությունը»,-նշեց նա։
Պատասխանելով այն դիտարկմանը, որ եթե գանք այն կանխավարկածին, որ Կորյուն Ներսիսյանի մեղքը հիմնավորվում է, հետեւաբար պիտի Առաջին ատյանի դատավորը քրեական գործում ոչ թե վկա, այլ մեղադրյալ լինի, փաստաբան Խաչատրյանն ասաց, որ օրինաչափ է Ադամյանի՝ վկայի կարգավիճակը, քանի որ Ներսիսյանին վերագրվող մեղադրանքն ակնհայտ անհիմն է։
«Առաջին իսկ օրվանից պնդում ու աղաղակում էինք այն մասին, որ դա աբսուրդ մեղադրանք է։ Հետևաբար օրինաչափ է, որ դատավորը մեղադրյալ չի»,-նշեց նա։
Կորյուն Ներսիսյանը Վեհափառ Հայրապետի եղբոր որդին է։ Փաստաբանը հրաժարվում է պատասխանել՝ արդյո՞ք այս հանգամանքը կարող է ազդել գործի ընթացքի վրա, հաշվի առնելով հոգեւոր դասի եւ իշխանությունների միջեւ լարված հարաբերությունները։
«Ես չեմ մեկնաբանի, քաղաքական մեկնաբանություններ չեմ տալիս։ Միայն կասեմ, որ գործն ակնհայտ անհիմն է։ Գաղտնալսումները ուսումնասիրելուց եւ հետազոտելուց հետո արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Կորյուն Ներսիսյանը ո՛չ կաշառքի համաձայնություն է ձեռք բերել, ո՛չ կաշառք է ստացել, ո՛չ էլ դրդել է դատավորին՝ չարաշահել իր լիազորություները»,- շեշտեց նա։
Ներսիսյանի պաշտպանը պնդում է՝ մեղադրանքի կողմի ներկայացրած գաղտնալսումներից ծաղկաքաղ է ներկայացվել, իսկ սա նշանակում է, որ փաստերն աղավաղվել են, ներկայացվել են սուբյեկտիվ, ըստ հայեցողության։
«Ըստ էության, գաղտնալսումները ամբողջ ծավալով ներկայացված չեն եւ մենք միջնորդելու ենք, որ ամբողջ ծավալով հետազոտվի։ Բացի այդ, կոնտեքստից կտրված հատվածները ենթարկվել են կամայական, սուբյեկտիվ մեկնաբանության։ Այդ հատվածները չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը կամ գործի բոլոր փաստական հանգամանքները։ Մենք դրանք վիճարկում ենք։ Գաղտնալսումները լսելուց հետո շատերի համար պարզ է դառնում, որ Կորյուն Ներսիսյանն առհասարակ առնչություն չունի գումար վերցնելու կամ կաշառքի համաձայնություն ձեռք բերելու հետ։ Զննվել են դատավորների հեռախոսները, ստուգվել են վերծանումներ, խնդրո առարկա ժամանակահատվածում Կորյուն Ներսիսյանը առհասարակ կապի մեջ չի գտնվել որեւէ դատավորի հետ»,-հավելեց նա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին։
Լիա Սարգսյան