Ուսուցչի դրույքաչափերի փոփոխությունը լավ գաղափար է․ աշխատավարձի բարձրացում կլինի, բայց ոչ առաջիկա ուստարում. Խաչատրյան

Ուսուցչի շաբաթական դրույքաչափերի փոփոխությունը իրականում լավ գաղափար է, որովհետև 22 ժամը ծանրաբեռնված է և մեր տարրական դասարաններում դասվարի դրույքաչափը այդպես էլ չի լրացվում, հավելյալ ժամեր են ավելացնում, որ գոնե 1 դրույք դառնա։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։ Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։ Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։ «Պետք է նաև մեկ գործոն հաշվի առնել, որ ուսուցիչները շուտով լրացուցիչ աշխատանքներ են կատարելու՝ թվանշաններով գնահատելը դուրս կգա և ուսուցիչները ամեն աշակերտի համար թվանշանի փոխարեն նկարագիր գնահատական են տալու։ Նաև սրա համար է, որ նախարարությունն իջեցնում է մանկավարժի ծանրաբեռնվածությունը»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ուսուցիչներ կան, որ արդեն ունեն 22 ժամ և որոշումից հետո նրանց աշխատավարձը բարձրանալու է, փորձագետը նշեց, որ այդ դեպքում 1/4 կդառնա նրանց դրույքը։ Հարցին, թե պետությունը պատրա՞ստ է արդեն բարձր աշխատավարձ տրամադրել՝ վերջինս արձագանքեց, որ նա ևս մտավախություն ունի, բայց եթե ներկայացրել են, ապա պատրաստ են։ Հարցին, թե վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած՝ աշխատավարձերի բարձրացումը սրա՞ մասին էր, Խաչատրյանը պատասխանեց՝ տարբեր պարամետրերով են բարձրացնում, այդ պատրամետրերից մեկը սա է։
Լիաննա Թորոսյան