Աղտոտված օդի պատճառով աշխարհում տարեկան միլիոնավոր մահվան դեպքեր են գրանցվում

Աղտոտված օդի պատճառով աշխարհում տարեկան միլիոնավոր մահվան դեպքեր են գրանցվում

Պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, թունաբան Միխայիլ Կուտուշովը Ura.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ ամեն տարի աղտոտված օդի պատճառով մահանում է մոտ յոթ միլիոն մարդ։ Նա բացատրել է, որ մահը տեղի է ունենում բնապահպանական իրավիճակի հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով։

«Շատ մարդիկ տառապում են առողջական խնդիրներից, հատկապես, եթե նրանք ապրում են խոշոր արդյունաբերական օբյեկտների  կամ բանուկ մայրուղիների մոտ: Տարեկան մոտավորապես յոթ միլիոն մարդ մահանում է աղտոտված օդից։ Ենթադրվում է, որ ինսուլտների և սրտի այլ հիվանդությունների, թոքերի քաղցկեղի մեկ երրորդը պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ: Հիվանդությունները սկսվում են ասթմայից, բրոնխիտից»,- ասել է մասնագետը։

Նա նշել է, որ քանի որ մարդու թոքերը աշխատում են սրտի հետ միասին, օդի աղտոտվածության դեպքում հիվանդությունները սկսում են սրվել։ Նրա խոսքով՝ հիմնական հիվանդությունը, որը կարող է առաջանալ, քաղցկեղն է։ Բացի այդ, հաճախակի են ասթմայի կամ քրոնիկ բրոնխիտի դեպքերը, նշել է թունաբանը։

Կուտուշովն ընդգծել է, որ բնակիչների համար ամենամեծ վտանգը  քաղաքի սահմաններում գտնվող ձեռնարկություններն են, որոնք աշխատում են թունավոր նյութերով։ Նա ասել է է, որ պետք է նման ձեռնարկությունները տեղափոխել քաղաքից դուրս, կանաչապատել քաղաքը, և մարդիկ ավելի շատ ջուր խմեն, ավելի շատ բանջարեղեն ու միրգ ուտեն։