Ենթադրյալ օրինախախտ դատավոր Դոլամազյանին կներեն, «Կարծես թե ունենք արդեն նոր վարչապետացու». Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 5-ին հրապարակելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշումը: Ու մինչ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում քննում է Դոլմազյանի վարքը, կատարած քայլերի օրինականությունը, «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ հասան ԲԴԽ նախնական հավաքական տրամադրությունների մասին: Ըստ այդմ` ամենայն հավանականությամբ, Վահե Դոլմազյանի լիազորությունները չեն դադարեցվի, ԲԴԽ-ն, թերեւս, կբավարարվի նրան միայն նկատողություն տալով։
Թեեւ ԲԴԽ-ն հուլիսի 16-ի նիստում քննարկեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի` այս տարվա մարտին ներկայացված հաղորդումը այն մասին, որ դատավոր Դոլմազյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, բայց լավ է տրամադրված ենթադրյալ օրինախախտ դատավորի նկատմամբ:
Իսկ ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱՆ ներկայացուցիչը ԲԴԽ-ում հայտնեց. ««Կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին» որոշման շրջանակում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու եւ մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում դատավորը լուծել է այդ հարցերը…Ինչի իրավասություն չի ունեցել:
Դատավորի կողմից համապատասխան վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ»,- հուլիսի 16-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ կոչ անելով ԲԴԽ-ին բավարարել ԱՆ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի` ԱԺ «կարճաժամկետ մեկնման» հանգամանքներին, որի ընթացքում Տոնոյանը հասցրել էր տեսակցել մորը՝ առանց ձեռնաշղթաների:
Դատավոր Դոլմազյանը, իհարկե, չի ընդունում իրեն մեղսագրվողը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Դոլմազյանի մասով ներողամտությունը ունի քաղաքական շարժառիթներ, քանի որ նա քննում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի, Դավիթ Տոնոյանի ԲԴԽ նախկին նախագահի եւ էլի այլ քաղաքական բնույթի գործեր ու քննում է ցանկալի ուղով, արդյունքները քաղաքական իշխանությանը բավարարում են: Ասել է թե՝ Դոլմազյանը իշխանության «սրտի» դատավորն է, դրա համար նրան, թերեւս, միայն նկատողություն կտան»:
«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ եթե տեղյակ չէ, իմանա, որ, կարծես թե, արդեն ունենք նոր վարչապետ:
Չգիտեմ՝ իրեն այդ մասին ասե՞լ են, թե` չէ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը հեռախոս եւ ինտերնետ ունի, կարող է մտնել ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջ: Որ մտնի, մեր վարչապետացուին կտեսնի՝ Արգիշտի Քյարամյան: Ինքը լրիվ դերի մեջ է: Եվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ գեներալի կոչում եւ համազգեստ ունի:
Բայց մի անգամ այն վարչապետի այցելություն է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Քննչական կոմիտեի ղեկավարը մարզային այցելությունների ինչի՞ է գնում: Ինքն այնտեղ ունի մի ստորաբաժանում, որտեղ կա շատ շատ 10-12 աշխատող:
Բայց իրեն դիմավորել է մարզպետը: Միայն տեսնեք, թե նրան ինչ կարգի ընդունելություն է կազմակերպվել:
Գնում է մարզային այցելության, որտեղ տարազով երեխաներ են կանգնած, ու ինքը պետք է նրանց միջով անցնի: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը դա կազմակերպել է, չէ՞, այն էլ արձակուրդի շրջանում, երբ այդ երեխաները պետք է ճամբարներում, իրենց տատիկների տանը լինեին:
Լրատվությանը նայեք. Արգիշտի Քյարամյանը ծաղիկներ է դրել զոհվածների շիրիմին, այցելել է նկարների ցուցահանդես… Երեւան քաղաքի վարչության համար էլ եկտրամոբիլներ են գնել, որոնց հանձնման արարողությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում: Այսինքն, Երեւանի վարչության համար գնված մեքենաները քշել, հասցրել են Գեղարքունիք, որպեսզի այնտեղ հանձնեն Երեւանի վարչությանը, որպեսզի հետո քշեն, բերեն Երեւան: Եվ ինչի համա՞ր: Որպեսզի լուսանկարները շատանան, որպեսզի այցելության նշանակությունը մեծանա:
Գեղարքունիքի մարզն էլ, որ նայում ես, առավոտից երեկո կրիմինալը չի պակասում: Այսինքն, ուժային կառույցները լավ չեն աշխատում»: