ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որեւէ մեկը չի բացառում այդ․ Սիմոնյան

«Ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, քննարկում ենք` ինչ անենք, որ նվազեցնենք ՀՀ-ին սպառնացող վտանգները»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ։
«Նման որոշում չկա, բայց որևիցե մեկը չի բացառում։ Մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում, մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում։ Անգամ լրագրողներն են անընդհատ հարցնում»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է այս համատեքստում ՌԴ հետ հարաբերություններին ու հետագա խնդիրներին, ապա Սիմոնյանի խոսքով՝ դաշնակիցը չի օգնում Հայաստանին, իսկ մեր երկիրը չունի այնքան ռեսուրս՝ թե՛ մարդկային, թե՛ սահմանների մասով, որ սպասի մինչև Ռուսատանը կամ ՀԱՊԿ-ն որոշեն օգնել։
«Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք: Խոսքը թե Լեռնային Ղարաբաղի մասին է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի։ Բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք»։
Սիմոնյանը նաև ասել է, որ որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի կամ որևիցե բանի մասին չի եղել։