Հնդկական զենք. պատրա՞ստ է Հայաստանը

Հնդկական զենք. պատրա՞ստ է Հայաստանը

Հայաստանը Հնդկաստանից զգալի գումարի զենք է գնել։ Այդ սպառազինությունը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Թե ինչ դրական և բացասական կողմեր ունի այս գործարքը MediaHub-ի հետ զրույցում պատմեց ռազմական փորձագետ Ռոբերտ Նազարյանը: 

«Ինքնագնաց հրետանին շատ լավ է: Նրա անհրաժեշտության մասին մասնագետները վաղուց էին ասում: Սակայն կա նաև խնդիր․ մի բան է, երբ դու գնում ես որևէ միջոց և այլ հարց է դրասպասարկումը: Այս դեպքում ցանկալի է, որ մեխանիզմների տարբերությունը շատ չլինի մեր սպառազինությունում առկա հրետանային միջոցներից, որպեսզի վերանորոգման գործերը հեշտ լինեն, ավելի էժան լինեն, մենք ունենանք մասնագետներ, ովքեր տիրապետում են այդ մեխանիզմներով աշխատող հրետանուն», - նշում է մասնագետը: 

Նազարյանը շեշտում է՝ կարևոր են նաև սպառազինության համար համապատասխան սարքավորումները։ Ի վերջո, հիշեցրեց նա, Հայաստանում այն տեսակներն են, որոնք տարածված են հետխորհրդային բոլոր երկրներում, իսկ հնդկական սպառազինությունները պատրաստված են ՆԱՏՕ-ի չափանիշներով: Դրանից բխում է երկու կարևոր հարց՝ արդյոք Հայաստանին կվաճառվեն այդ չափանիշներով հռթիռներ և արդյոք նրանք կաշխատեն հնդկական զենքով․

«Զենքը ինքնին կիռառելի է, սակայն հետագայում հնարավոր է խնդիրներ առաջանան նրա սպասարկման, շահագործման և օգտագործման հետ կապված: Ռուսաստանն իրոք աշխատում է բավարարել իր բանակի պահանջները, բայց թե արդյոք դրանից բխող հանգամանքն է,  որ մենք չենք կարողանում Ռոիսաստանից զենք գնել՝ ես վստահ չեմ, քանզի հիմք չունեմ այդպիսի հայտարարություններին հավատալու»,- հավելեց Ռոբերտ Նազարյանը:

Հիշեցնենք, անցած տարի սեպտեմբերին հնդկական հեղինակավոր Economic Times-ը գրեց, որ «առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան»:

Մասնավորապես, «Զինելով Հայաստանը» վերնագրված հոդվածում հնդկական թերթը հայտնում էր, որ մատակարարվելիք սպառազինության թվում են լինելու հակատանկային հրթիռներ, ինչպես նաև համազարկային կրակի Pinaka կոչվող ռեակտիվ համակարգեր։ Թեև, հիշեցնենք, Հայաստանի կողմից Pinaka համակարգերի հնարավոր ձեռքբերման մասին առաջին անգամ սկսեցին խոսել 2018 թվականի ամռանը, երբ Հնդկաստան ժամանած հայկական ռազմական պատվիրակությունն ակնհայտ հետաքրություն էր ցուցաբերել այս զինատեսակի հանդեպ։

Ի դեպ, մայիսին հայտարարվեց, որ «հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք: Այն ենթադրում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ»:

Գեղեցիկ Մանուկյան