Իմ միակ առաջարկը Ձեզ հետևյալն է՝ հրաժարակա՛ն տվեք․ Դավիթ Գալստյանը՝ Արայիկ Հարությունյանին

Արցախի Ազգային ժողովը նոր նախագահ ունի՝ ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։ Հատկանշական է, որ հենց խորհրդարանական իշխանությունն է առաջադրել Իշխանյանի թեկնածությունը։
«Հույս ունենք, որ սա հերթական իմիտացիան չէ, և սա իշխանափոխությանն ուղղված քայլ է», - անդրադառնալով Իշխանյանի ընտրությանը՝ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ այսօրվա նիստին ներկա է եղել նաև նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ես հնարավորություն ունեցա Դավիթ Իշխանյանին հարց ուղղելու, թե արդյո՞ք ինքը շարունակում է պահանջել Արայիկ Հարությունյանից՝ վերացնել Արցախում առկա հակասահմանադրական կառույցները, և պարոն Իշխանյանը պատասխանեց՝ ընթացքի մեջ է այդ ամենը։ Դրանից հետո Արայիկ Հարությունյանը ելույթ ունեցավ, նշեց, որ Արցախում հակասահմանադրական կառույցներ չկան, էլի սկսեց ընդդիմությանը մեղադրել ապակառուցողական լինելու մեջ, նշեց, որ ընդդիմությունը վիճակից ելք գտնելու համար առաջարկներ չի անում»,- ներկայացրեց Դավիթ Գալստյանը։
Քանի որ Արայիկ Հարությունյանի արձագանքելու հնարավորություն չի եղել, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավարը MediaHub.am-ի միջոցով իր առաջարկը հնչեցրեց։
«Իմ միակ առաջարկը Ձեզ այն է, որ հրաժարական տաք։ Հրաժարական տվեք։ Ձեր իշխանության օրոք 0 տոկոս է այս իրավիճակից դուրս գալու հավանականությունը։ Իսկ Ձեր գնալուց հետո գոնե 0,1 տոկոս շանս կլինի, որ մենք կարող ենք փրկվել»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Թե ո՞վ կարող է փոխարինել Հարությունյանին, այս փուլում ո՞վ կարող է ստանձնել առաջնորդի պարտականություններն ու պատասխանատվությունը, Դավիթ Գալստյանն այս պահին չգիտի, բայց վստահեցնում է՝ հենց Հարությունյանը հայտարարի, որ պատրաստ է հրաժարական տալ, արժանի ու կարող մարդիկ հաստատ կհայտնվեն տեսադաշտում։
Բացի այդ, նա կոչ արեց, որպեսզի Արցախի նախագահն ուշադիր ուսումնասիրի ԱԽ նիստերի արձանագրությունները, այդ դեպքում կտեսնի՝ ինչ առաջարկություններ է արել ընդդիմությունը։
«Մենք Բերձորի միջանցքը բաց պահելու համար հստակ քայլեր էինք առաջարկել, այս վիճակում չհայտնվելու համար տարբեր առաջարկներով հանդես եկել, սակայն մեզ որևէ մեկը չլսեց։ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է միայն իր իշխանությունը երկարաձգելու համար»,- նկատեց Դավիթ Գալստյանը։
Նարե Գնունի