Եթե բացվի Աղդամի միջանցքը, Արցախի լիովին ինտեգրումը ժամանակի հարց է. Մարտիրոսյան

Ֆորմալ առումով ՄԱԿ֊ի ԱԽ նիստի հրավիրման հիմքում ընկած է հայկական կողմի պահանջը, իսկ արդյունքը բավականին կասկածելի է։ Արդյունքները ինձ համար բավականին հետաքրքիր են։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Փաշինյանի գնահատմամբ, նշում է քաղաքագետը, այսօր մենք ունենք արդյունք, որ միջազգային հանրությունը վերջապես կարողացավ տեսնել այն իրական խնդիրները, որոնք այս պահին կան։ Քաղաքական տեսանկյունից գնահատելով ՝ ՀՀ վարչապետը ֆիքսեց այն հանգամանքը, որ հաղթանակ և արձանագրում կարելի է անել այն առումով, որ Արցախի շուրջ ստեղծված հիմնախնդիրն ունի հումանիտար ճգնաժամի բնույթ և դա ՀՀ իշխանությունները գրանցում են որպես արդյունք։
“Մեծ վերապահումով միայն դա կարելի է որակել հաղթանակ կամ արժեք ունեցող քաղաքական երևույթ, սակայն ՀՀ իշխանությունները դա ընդունում են որպես արդյունք։ Մեծ հարց է առհասարակ դա արդյունք է, թե ոչ”,- ընդգծեց Մարտիրոսյանը։
ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում այնպիսի փակուղի է ստեղծվել, շարունակեց մեր զրուցակիցը, որ յուրաքանչյուր հայտարարություն, որտեղ հանդիպում են “Հայաստանի Հանրապետություն” բառերը, դա ներկայացնում են որպես արդյունք, այնինչ դա միայն ձախողված դիվանագիտության հետևանք է։ Լիովին այլ բան է, թե ինչպես է այդ ամենը ներկայացվում հանրությանը, իսկ ՀՀ իշխանությունները անելանելի իրավիճակը ֆիքսելուց բացի քաղաքականություն և մարտավարություն չունեն։
Մարտիրոսյանը շեշտում է, որ մեծագույն խնդիրն այս պահի դրությամբ այն է, որ թե՜ Լաչինի միջանցքի, թե՜ ադրբեջանական կողմի առաջարկած միջանցքների ստատուսները հավասարվեն և համահավասար կերպով սկսեն օգտագործվել։ ՀՀ֊ի և Արցախի կոմունիկացիայի միակ տարբերակը Լաչինի միջանցքի բացումն է և եթե դրա փոխարեն բացվի մեկ այլ Աղդամի միջանցքը
, ապա Արցախի լիովին ինտեգրումը Ադրբեջան ընդամենը ժամանակի հարց կլինի՝ սկզբում հումանիտար, ապա նաև քաղաքական։
“Ես խիստ կասկածում եմ, որ այն տոնայնությամբ և դիրքորոշմամբ, որով քննարկվում էր հարցը, դա կարող է հասցնել ինչ-որ բանաձևի ընդունման։ Ամենը կմնա հայտարարության մակարդակի վրա, որտեղ կոչերից և հորդորներից բացի ոչինչ չի լինի” ,- եզրափակեց Մարտիրոսյանը։
Մարիա Զարգարյան