Մեզ զոհասեղանին են դնում, մի բան էլ ժողովրդին վախեցնում պատերազմով․ Բորիս Առուշանյան 

Մեզ զոհասեղանին են դնում, մի բան էլ ժողովրդին վախեցնում պատերազմով․ Բորիս Առուշանյան 

Շատ մանրակրկիտ չեմ ուսումնասիրել երեկվա եռակողմ հանդիպումը, բայց միայն կադրերը նայելը, նրանց դեմքի արտահայտությունները շատ բան էր ասում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Բորիս Առուշանյանը՝ խոսելով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ 

«Մարդկանց միմիկաներով կարելի է շատ բան կռահել, այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ զիջողի, պարտադրվածի դերում էր, Ալիևի դեմքին էլ լկտի ժպիտն էր: Սա ապացուցում է, որ իր ծրագրին է հասնում, այսինքն Արցախի հարցում Հայաստանը աններելի, անօրեն զիջումների է գնում, որի իրավունքը չունի։ Ըստ Հայաստանի օրենսդրության, ըստ Արցախի ընդունած միջազգային նորմերի, նա իրավունք չունի ընդունել Արցախը Ադրբեջանի կազմում»,-ասաց նա։ 

Առուշանյանը հիշեցրեց Ռուսաստանի սկզբնական դիրքորոշումը, երբ ՌԴ-ն ասում էր՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով և պետք է լուծում գտնել հումանիտար, անվտանգային և այլ խնդիրների համար։ 

«Հիմա Նիկոլ Փաշինյանն այս պայմանավորվածությունից էլ է դուրս գալիս: Հիմա էլ ի՞նչ կարգավիճակի հարց, եթե ՀՀ-ն Արցախին ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Մեզ դրել են զոհասեղանի վրա, չգիտեմ, ՀՀ վարչապետը սա չհասկանալով է անում, թե միտումնավոր է անում, փաստն այն է, որ ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծել Արցախի համար, նույն ժամանակ նաև թշնամանք է ստեղծել։ ՀՀ իշխանականները հայտարարում են, թե մեզ պատերազմի մեջ ներքաշել պետք չէ։ Փաստորեն, մեզ արդեն մեղադրում են, որ մենք Հայաստանին ուզում ենք պատերազմի մեջ ներքաշել, և սա շատ վտանգավոր է. հերիք չէ՝ մեզ դրել են զոհասեղանին, մի բան էլ ժողովրդին են մոլորեցնում և պատերազմի վտանգով սպառնում»,-ընդգծեց Առուշանյանը։ 

Խոսելով Արայիկ Հարությունյանի քայլերի մասին՝ Առուշանյանը հիշեցրեց նախագահի վերջին հայտարարությունը, որով նա հայտարարեց, որ չի կիսում Փաշինյանի դիրքորոշումը։ 

«Ասում է՝ Արցախը չենք զիջելու, պայքարելու ենք։ Հիմա հարց․ եթե Արցախը պայքարելու է, Հայաստանն էլ հետ է քաշվել, ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք պայքարելու։ Կարծում եմ՝ ՀՀ ժողովրդի մի մասը ոտքի կկանգնի, մեզ աջակցել կուզի, արդյունքում խառնաշփոթ կսկսվի։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է ցնցումների, որովհետև չի կարող Հայաստանի բնակչության զգալի մասը նայել, թե ինչպես է Արցախը միայնակ կռվում թուրքական տանդեմի դեմ։ Ես չեմ հավատում, որ Հայաստանը ունակ չէ մեզ աջակցել, 90-ականներին բահերով էինք պահում հողը, ինչպե՞ս կարող է ՀՀ-ն այսօր այնքան թույլ լինի, որ չկարողանա պաշտպանի իր ժողովրդի մի մասին»,-շեշտեց նա։

Լիաննա Թորոսյան