Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:

«Հրապարակ» թերթը  գրում է․

Իրանական կողմը հետաքրքրություն է դրսեւորում Սյունիքում բոլոր ոլորտների նկատմամբ։ Կապանում հյուպատոսություն բացելուց բացի Իրանը նաեւ տնտեսական ներկայություն է փորձում ապահովել։ Մասնավորապես, ըստ լուրերի, երկարամյա վարձակալության պայմանագիր է կնքվել Կապանի շուկայի սեփականատիրոջ հետ, ինչպես նաեւ վարձակալվել է Կապանի կենցաղի տունը։

«Հրապարակ» թերթը  գրում է․

Առաջիկա օրերին «Հայաստան» խմբակցությունն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնելու՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան: Հայտարարության նախագիծ են պատրաստել, որը պետք է ընդունվի։ «Միլի մեջլիսը կոչ է անում հայկական կողմին՝ ճիշտ գնահատել ստեղծված պատմական հնարավորությունը։ Միլի մեջլիսը կարծում է, որ Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա խաղաղ բանակցությունների գործընթացում ձեռնարկվելիք քայլերը կնպաստեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- հայտարարել են Ադրբեջանի օրենսդիրները։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետեւից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի:

«Հրապարակ» թերթը  գրում է․

Արցախի կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկին՝ Մեսրոպ Առաքելյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելու հարցում։ Ասում են՝ Փաշինյանն ինչ-ինչ խնդիրների պատճառով դեմ է Առաքելյանի նախարար նշանակվելուն, ով ժամանակին իր խորհրդականն է եղել, ապա՝ սոցապնախարարը եւ 4 ամսից հրաժարական տվել։

«Հրապարակ» թերթը  գրում է․

Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ մեր աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը մոռացել է աղմկահարույց քրեական գործերը եւ ընկել է «մանր-մունր ձկների» հետեւից: Ուսումնասիրելով Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական կայքը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է, որ կոմիտեն ընկել է ցածր կալիբրի չինովնիկների հետեւից՝ գերեզմանատան վարիչ, Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձ եւ այլն։ Իսկ ո՞ւր մնացին «խոշոր ձկները», ինչո՞ւ է նախաքննական մարմինը լռում: