Նոր պատերազմի վտանգ՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին

Նոր պատերազմի վտանգ՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին

Բոլոր նշանները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում: Արցախի ՊԲ-ն տեսանյութով ներկայացրել է սահմանագծի շուրջ ադրբեջանական բանակի կուտակումները, տեղեկատվություն կա Կապանի ուղղությամբ թշնամական ծանր տեխնիկայի կուտակման մասին:

«Օվդան», ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար։ 
Միայն օգոստոսի 15 -ից մինչև սեպտեմբերի 5-ը ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը բեռնատար ինքնաթիռներով դեպի իսրայելական այս օդանավակայան արդեն 5 թռիչք է իրականացրել՝ օգոստոսի 15-ին, 29-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին և մեկ թռիչք էլ երեկ՝ սեպեմբերի 5-ին։ 

Պաշտոնական Բաքուն և նրա քարոզչամեքենան չեն էլ հերքում, որ Հայաստանի դեմ պատերազմի են պատրաստվում:

Ահա, այս մտահոգիչ համատեքստում Հայաստանի իշխանությունը ջանքերը չի խնայում հայ- ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ճգնաժամը խորացնելու ուղղությամբ: Իտալական հայտնի լրատվամիջոցին տված Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հարցազրույցից հետո, Մոսկվայից Հայաստանի ղեկավարության հասցեին հնչում են ամենախիստ գնահատականները՝ Ռուսաստանի նախագահի, ԱԳՆ խոսնակի մակարդակով:

Անդրադառնալով Փաշինյանին՝ Զախարովան ասել է, թե պետք է պատասխանել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել ու մեղքը բարդել ուրիշների վրա։ «Դրանում է կայանում քաղաքական, պետական գործչի տարբերությունը ազգային շահերի, իր երկրի մասին չմտածող, անցնող մարդու միջև։ Պետք է կարողանալ պատասխանել սեփական արարքների համար, այլապես դա փոքր-ինչ նմանվում է վատ պարողի պատմությանը», - ասել է նա։
Այսպիսով՝ հայ- ռուսական հարաբերություններում առաջանում է մի մեծ ճեղք, որից, անշուշտ, Բաքուն փորձելու է օգտվել:

Իսկ այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությանը, ցավոք, հետաքրքրում են միայն սեփական PR-ը և Երևանի քաղաքապետարանի ընտրություններում հաղթանակը, անգամ՝ կեղտոտ մեթոդներով:

Վահրամ Բագրատյան