Ով է ԲԴԽ անդամի թեկնածուն. ԱԺ-ն է քննարկում

Ազգային Ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։

ԱԺ-ի կանոնակարգ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ-ի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին։ Թեկնածուին և նրա կենսագրական տվյալները ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որից հետո Հայկ Գրիգորյանը ելույթ ունեցավ։

«Ինձ համար սա չափազանց մեծ պատասխանատվություն է, իսկ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում, որպես գիտնական, թեկնածու առաջադրվելը կրկնակի պարտավորություն է»,-ասաց Հայկ Գրիգորյանը։

Գրիգորյանը խոսքը շարունակեց այն համատեքստում, որ Սահմանադրությունը հռչակում է, որ ՀՀ իրավական համակարգում դատական իշխանության անկախությունն ապահովում է ԲԴԽ-ն, ինչը նշանակում է, որ արդարադատություն իրականացնելիս դատարանի գործունեությանը թե՛ արտաքին, թե՛ ներքին որևէ միջամտություն արգելվում է։

«Իրավական ակտերի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանադրաիրավական կարգավորումների և վերջին տարիներին իրականացված դատաիրավական բարեփոխումների շնորհիվ ԲԴԽ-ն իր սահմանադրական նպատակն իրացնելու համար օժտվել է բավարար իրավական գործիքակազմով»,-ասաց Գրիգորյանը։

Այնուհետև, ԲԴԽ անդամի թեկնածուին հարց ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հետաքրքրվելով, թե Հայկ Գրիգորյանն ինչպե՞ս է ապահովելու դատական անկախությունը։

«ԲԴԽ անդամն ունի մեկ նպատակ ներազդելու և միջամտություններից զերծ պահելու անկախ դատական համակարգը »,-ամփոփեց Հայկ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։