Քոչարյանը 2 ամսից ավելի Եվրոպայում է, Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. Մամուլը՝ սուրճով

Քոչարյանը 2 ամսից ավելի Եվրոպայում է, Իշխանությունը դեկանի թեկնածու ունի. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու թիմակիցներն արդեն մի քանի տարի է՝ փորձում են հերքել, թե իրենց առաջնորդը չի հեռացել ակտիվ քաղաքականությունից, որ կառավարում է ներթիմային պրոցեսները, սակայն իրականությունն այն է, որ Քոչարյանը ձեռքերը լվացել է քաղաքականությունից եւ նախընտրել փափուկ կյանքը՝ Հայաստանի հոգսաշատ առօրյայից հեռու, եւ իր «Հայաստան» դաշինքում շաբաթներով, անգամ ամիսներով երեսը չեն տեսնում։

Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը տեւական ժամանակ է՝ Եվրոպայում է, ըստ ամենայնի` Գերմանիայում, որտեղից էլ շնորհավորական ուղերձ էր հղել կանանց` Մարտի 8-ի, եւ Վլադիմիր Պուտինին` ընտրվելու կապակցությամբ: Մեր տեղեկություններով, նա մեկնել է հունվարի վերջին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին հարցրինք՝ ե՞րբ են վերջին անգամ իրենց առաջնորդի հետ հանդիպել եւ ի՞նչ են քննարկել: «Վերջին անգամ ֆրակցիայի արտագնա նիստ է եղել, որի վերաբերյալ կա հրապարակային ինֆորմացիա»,- նշեց նա: Իսկ ե՞րբ է տեղի ունեցել այդ արտագնա նիստը։ Պատասխանեց՝ անցած տարվա դեկտեմբերին։ Փորձեցինք հաղորդագրությունը գտնել, սակայն արտագնա նիստի վերաբերյալ ինֆորմացիա չգտանք: Խամոյանին հարցրինք նաեւ` ճի՞շտ է, որ պարոն Քոչարյանն արտերկրում է։ 

«Դատարանում նախագահի փաստաբանական թիմի վերջին միջնորդությունը վերաբերում էր երկրից բացակայելու արգելքը վերացնելուն։ Այլ մեկնաբանություններ անել չեմ կարող»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 3-ին, կայանալու են Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գիտխորհրդի նիստը, որը կկայանա ժամը 12:00-ին, շատ թեժ է անցնելու։

Բանն այն է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը դեկանի պաշտոնում է 1996 թվականից, այս տարի դեկանի ընտրություններում չի առաջադրվել. վերջինս հրաժարվել է եւ նշել, որ տեղը զիջելու է իրենից ոչ պակաս ֆակուլտետի հնաբնակ Հարություն Խաչիկյանին։

Հարություն Խաչիկյանը հանդիսանում է Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ 1994 թվականից, իսկ 2012 թվականից մինչ օրս ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր է։

Խաչիկյանի հետ ինքնաառաջադրվել է նաեւ ՀՀ ԱԺ ԲՀԿ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Գիտխորհրդում Պետրոսյանը չունի վստահություն, սակայն Խաչիկյանին գիտեն եւ վստահում են գրեթե բոլորը։

Հավելենք նաեւ, որ սա այն եզակի ֆակուլտետներից է, որտեղ դեկանը իշխանության «սրտի» մարդը չէ եւ տարիներ շարունակ պայքարել է, որ քաղաքականությունը չմտնի ֆակուլտետի պատերից ներս։ Ավելին՝ ԵՊՀ-ում գրեթե բոլոր ֆակուլտետները աշխատում են իշխանության ենթակայության տակ եւ անմիջական հրահանգներով։

Այժմ Ղազինյանի (որը ընդդիմադիր թեւի կողմնակից էր) չառաջադրվելը իշխանության «սրտի» քայլ էր, եւ նրանք հնարավորությունը բաց չեն թողնի այստեղ եւս արմատավորել իշխանական թեզերը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վայքեցի Կառլեն Մինասյանի «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն «բինգո» է բռնել՝ 2 դպրոց կառուցելու տենդեր է շահել՝ Վայոց Ձորի Արենի գյուղում եւ Սյունիքի մարզի Խոտում։ Արենիի դպրոցի համար փոխանցվել է 1 մլրդ 736 մլն, Խոտ գյուղի դպրոցի համար՝ 1 մլրդ 370 մլն դրամ։

Հետաքրքիր է, որ Օհանավանի դպրոցի կառուցման համար կառավարությունը 880 մլն դրամ էր հատկացրել: Օհանավանի բնակչությունը, 2011 թ. մարդահամարի տվյալներով, 2 հազար 312 մարդ է, իսկ Խոտինը՝ 942։ Այսինքն՝ Խոտ գյուղում դպրոցի կառուցումը մոտ 2 անգամ թանկ արժե, քան Խոտից 2 անգամ մեծ Օհանավանինը։