Լիբանանում ժողովուրդը սարսափի մեջ է․ դպրոցներն ու համալսարանները փակ են․ Հակոբ Հավատյան

Լիբանանում ժողովուրդը սարսափի մեջ է․ դպրոցներն ու համալսարանները փակ են․ Հակոբ Հավատյան

Լիբանանում աղետներից խուսափելու համար կառավարությունը որոշում է կայացրել, որ պետք է փակվեն կրթական հաստատությունները՝ դպրոցները, համալսարանները 2 օր չեն գործի։ Ժողովրդին պարբերաբար  զգուշացման կոչեր են անում, որպեսզի, եթե նոր ցնցումներ լինեն, խուսափեն մարդկային վնասներից։

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի անդամ Հակոբ Հավատյանը՝ խոսելով Լիբանանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։

«Լիբանանում մարդկային վնասներ չկան, արձանագրվել են նյութական թեթև վնասներ, հետցնցումներ են տեղի ունենում։ Ժողովուրդը սարսափի մեջ է, նրանց տարբեր եղանակներով ցուցումներ են փոխանցվում, թե ինչպես վարվեն, եթե Աստված չանի՝ երկրաշարժը կրկնվի»,-ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ժամը 14։00-ի դրությամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Մալաթիա քաղաքում երկու հայ  է զոհվել, ամուսիններ են։ Իսկ Սիրիայում՝ Հալեպում 2 զոհ ունենք, ընտանիք է՝ մայր ու որդի։

MediaHub.am-ին  Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը փոխանցել էր, որ մեծ խնդիրը Սիրիայի հյուսիսում է, ավերվածություններ, վնասված շինություններ կան․ եկեղեցիներ, դպրոցներ, քանդված պատեր, փլուզված առաստաղներ։ Թուրքիայի տարածքում հայկական գյուղերից Վաքըֆը ավերիչ վնասներ չի կրել, եկեղեցիներից տուժել է Իսքենդերունի եկեղեցին։

Լիաննա Թորոսյան