Ով, երբ եւ ինչու է բռնության ենթարկել փաստաբաններին․ «Հրապարակ»

Ով, երբ եւ ինչու է բռնության ենթարկել փաստաբաններին․  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Փետրվարի 9-ին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու դեպքն արտառոց էր։ Անգամ եթե պարզվի, որ փաստաբաններն իրենք են առաջինը հայհոյել ու հարվածել պագոնավորներին, միեւնույն է, դա չի արդարացնում վերջիններիս։ Առավել եւս, եթե պարզվի, որ նրանք, իրոք, մինչ այդ անչափահասների են ծեծել՝ որոշակի ցուցմունքներ կորզելու նպատակով։

«Էմանուել Անանյանը, ով մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ Մարզպետ Ավագյանին շրջափակած են եղել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են նաեւ Էմանուել Անանյանի ձեռքերը եւ հարվածներ հասցրել»,- պատմում էր փաստաբանների շահերը ներկայացնող Հրանտ Անանյանը՝ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հրավիրած ասուլիսի ժամանակ։

Նախկինում եղե՞լ են նման դեպքեր, որ փաստաբանին կամ իրավապաշտպանին ոստիկանները ծեծի ենթարկեն։ «Վերջին 10 տարվա ընթացքում չեմ հիշում նման դեպք»,- պատասխանում է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, Փաստաբանների դպրոցի տնօրեն, երկարամյա ստաժով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ իրավապաշտպան Միկա Դանիելյանը, որին 2004 թվականին ծեծի էին ենթարկել։ «Միկա Դանիելյանը փաստաբան չի եղել»,- հիշեցնում է Արա Զոհրաբյանը։

Ոստիկանները՝ չէ, բայց իրենք՝ փաստաբաններով, վերջին 10 տարում իրար հաստատ «տփել են»։ Ասուլիս հրավիրողները կոլեգաների հետ ձեռնամարտի փորձ ունեն։ Սիմոն Բաբայանը Վրեժ Խաչիկյանի եւ Գեւորգ Մկրտչյանի հետ 2017 թվականի ապրիլին ներխուժել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ եւ ծեծի ենթարկել նրան ու ընկերոջը՝ Արմեն Սողոմոնյանին։ Հարձակման կազմակերպման մեջ վերջիններս մեղադրում էին պալատի այն ժամանակվա նախագահ Արա Զոհրաբյանին, որի հետ պալատի գործունեության հետ կապված վեճ ունեին։ 12 տարի առաջ բռնության էր ենթարկվել փաստաբան Տիգրան Եգորյանը։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին քննչական գլխավոր վարչության շենքում, քննիչ Ռուբեն Վարդանյանի աշխատասենյակում, ապա միջանցքում` այլ քննիչների ներկայությամբ, նրան հրել էին, քաշքշել, փորձել էին հարվածել։ Վեճն անցաթղթի շուրջ էր եղել, որը հրաժարվել էին տրամադրել փաստաբանին։ Ֆիզիկական ուժ կիրառելով՝ նրան դուրս էին արել քննիչի սենյակից։ Ռուբեն Վարդանյանի ագրեսիվ գործողությունները շարունակվել էին նաեւ միջանցքում: Նա պահանջել էր, որ փաստաբանը հեռանա, եւ հրելով դուրս էր արել նրան: Ի վերջո, Եգորյանը լքել էր ոստիկանական տարածքը: Իրավական հետեւանքներ չեղան, փոխարենը Փաստաբանների պալատը կարգապահական տույժի ենթարկեց Տիգրան Եգորյանին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը եւս չի մտաբերում նախկինում կատարված որեւէ նմանատիպ դեպք։ Բա Միկա Դանիելյանի ծե՞ծը՝ հարցրինք իրավապաշտպանին եւ ստացանք չափից դուրս հետաքրքիր պատասխան․ «Միկայի վրա հարձակվել էին փողոցում, իսկ այս դեպքը եղել է բաժնում՝ տարբեր են»:

«Հելսինկյան ընկերակցություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Միկա Դանիելյանին 2 անհայտ անձ 2004 թվականի մարտի 30-ի առավոտյան, իր տան մոտ ծեծի էին ենթարկել։ Նա վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Վարկածներ կային, որ հարձակման պատճառը նրա՝ ադրբեջանական «Էխո» թերթին տված հարցազրույցն է, որում նա հայտարարել էր, թե ընդդիմությանը լռեցնելու համար ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է գնալ պատերազմի վերսկսման: Հաջորդ օրը թերթերում հայտնվեց Միկայի մեկնաբանությունը հիվանդանոցից, որում նա ասում էր, որ իր դեմ կատարված ոտնձգությունն իշխանությունների պատվերով է եղել՝ կապված իր ծավալած իրավապաշտպան գործունեության հետ։ Իսկ նրա կինը վստահեցնում էր, որ դիմել են իրավապահներին, սակայն նրանք ժամանելով՝ չեն ցանկացել նույնիսկ դեպքի վայրը տեսնել, իրեղեն ապացույց որոնել։ Դեպքն այդպես էլ չպարզվեց։ Միկա Դանիելյանին ծեծի ենթարկելու գործով որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
Նույն՝ 2004 թվականի հուլիսին փաստաբան, Փաստաբանների պալատի նախագահ լուսահոգի Տիգրան Տեր-Եսայանի դեմ ոտնձգություն կատարվեց, որը կրկին չունեցավ հետեւանքներ։ Նրա տուն էին ներխուժել զինված ու դիմակավորված անձինք, ծեծել ու ահաբեկել տան անդամներին։ Տիգրան Տեր-Եսայանը ժխտում էր, որ ինքը տանն է եղել, եւ, առհասարակ, չէր սիրում խոսել այդ միջադեպի մասին։ Բայց այն ժամանակ լուրեր տարածվեցին, թե նրան նույնպես ծեծի են ենթարկել, ու որ ընդդիմադիր փաստաբանի դեմ հարձակումը կազմակերպված է եղել իշխանության կողմից՝ վարկած, որը հերքում են նրա մտերիմները։ «Հանցագործներն իրենց տուն էին մտել, բայց իշխանության հետ կամ նրա փաստաբանական գործունեության հետ դա կապ չուներ»,- պնդում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, որը Տեր-Եսայանի մոտ ընկերներից էր։

«Մի բան եմ հիշում միայն․ 90-ականներին փողոցում անհայտ մարդիկ ծեծել էին փաստաբան Ռուբեն Սահակյանին։ Դժվար է ասել, թե ում հետ էր կապված, բայց ոչինչ չպարզվեց, իսկ Ռուբեն Սահակյանը հայտնի էր որպես ընդդիմադիր գործիչների պաշտպան, այն ժամանակներում դա շատ վտանգավոր էր։ Մեղադրանքներ եղան, բայց իշխանության կողմից հերքվեցին, եւ հանգամանքները չպարզվեցին»,- պատմում է իրավապաշտպանը։ Դեպք, որ իրենց պարտականությունները կատարելու ժամանակ փաստաբանները բռնության ենթարկվեն ոստիկանական բաժնում, Հայաստանի պատմության մեջ ընդհանրապես չի եղել՝ ո՛չ խորհրդային, ո՛չ էլ անկախության շրջանում՝ վստահեցնում է Իշխանյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համամիտ չէ։ Նա պնդում է, որ դեպքեր նախկինում էլ են եղել, փաստաբաններին ծեծել են, բայց մտածողությունն է այլ եղել։ «Այն ժամանակ դրանք համարվում էին տղայական ռազբորկաներ։ Քննիչները, ոստիկանները, դատախազները,  ներքաշում էին փաստաբաններին տղայական ռազբորկաների մեջ, նրանք էլ ձայն չէին հանում, որովհետեւ դա փակ թեմա էր։ Ես անձամբ չեմ տա անուններ, որովհետեւ նրանք չէին բարձրաձայնում այդ մասին։ Ես անձամբ եմ ենթարկվել սպառնալիքների՝ տղայիս պահով։ Ժամանակի ընթացքում մտածողությունը փոխվեց։ Դա եղավ, երբ ի հայտ եկան մեծ թվով կին փաստաբաններ։ Ժիրայր Սեֆիլյանի գործով մենք ներկայացնում էինք Ներսես Պողոսյանին։ Մեր ուժերը քիչ էին, ու ոչ մի արտառոց բան չկար այդ դեպքում՝ մինչեւ այն պահը, որ հարազատները եկան մեզ մոտ ու ասացին, որ անգամ վճարովի փաստաբաններ են փորձել ներգրավել, իսկ նրանք այլայլված, քաշքշված վիճակում դուրս էին եկել, փողը հետ էին տվել ու հրաժարվել էին գործից»,- հիշում է Նինա Կարապետյանցը։ Ներսես Պողոսյանին, հիշեցնենք, կալանավորել էին 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում էին նախկին քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: «Մի հոգի չէր նրանց փաստաբանը, մի քանի հոգի էին, ու նրանց քաշքշել էին իրավապահները»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։