Բացառված է, որ «հինգերորդ շարասյուն» լինի․ Կանդազ

Նիկոլ Փաշինյանը հրավիրված վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե պատերազմում պարտվել ենք, քանի որ մեր բանակում գործել է «հինգերորդ շարասյուն»։
«Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Կարծում եմ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է»,- ասել էր նա։
Ազատամարտիկ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ «Կանդազը» MediaHub-ի հետ զրույցում շեշտեց՝ «հինգերորդ շարասյուն» բանակում չի եղել, չկա ու չի լինի։
«Փաշինյանը հայտարարություններ է անում հանրության համար, շեղելու կամ տեղ-տեղ էլ հաճոյանալու համար։ Ես ՀՀ ԶՈՒ-ի մասին չեմ խոսում, բայց վստահաբար, Արցախի բանակը պատրաստ է եղել կատարել իր առջև դրված խնդիրը: Այո, եղել են մարդիկ, որոնք չեն կատարել իրենց առաջ դրած խնդիրը, բայց բացառված է, որ «հինգերորդ շարասյուն» լինի»,-ասաց նա։
Դիտարկմանը, եթե Փաշինյանն այս համոզմունքին է, ապա ինչու 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մինչև հիմա հստակ գործողություններ չեն եղել այդ «հինգերորդ շարասյունը» բացահայտելու համար, չնայած որ արդեն կան անձինք, որոնք անցնում են պատերազմին առնչվող այս կամ այն գործով, վերջինս պատասխանեց․
«2018 թվականից Փաշինյանն ընտրվել է ու չեն տեսել մի գործ, որը կապված է նախկինների, թալանչիների հետ, հիմա էլ այս հայտարարություններից ոչինչ սպասել պետք չէ, ժամանակ է ձգում, առաջադրանք ունի, որ պետք է կատարի, սա էլ այդ առաջադրանքի մի մասն է։ Այսօր և՛ հայ ժողովրդի աչքերին է թոզ փչում, և՛ միջազգային հանրության, խնդիր է կատարում, ուրիշ ոչինչ։ Ամեն դեպքում, երբ մեղադրում է բանակին, ուրեմն մի բան գիտի, ինչ-որ տեղ էլ ժողովրդի աչքն է վախեցնում, կամ գուցե զգոնությունն է բարձրացնում, բայց ոչինչ հենց այնպես չէ, տակը մի բան կա թաքնված»,-նկատեց Ավանեսյանը։
Նա չբացառեց, որ շուտով գեներալների նոր անուններ կհայտնվեն՝ մեղադրանքներով։
Լիաննա Թորոսյան