Փաստեր՝ Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

Փաստեր՝ Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստեր՝ Արցախում ՀՀ զինծառայողների գտնվելու մասին ադրբեջանական պնդումների կեղծ լինելու վերաբերյալ

2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ֊ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։

Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար, ինչի մասին արդեն իսկ խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։
Ադրբեջանի այս պնդումը կեղծ է: 

Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում 2003 թվականի դեկտեմբերի 16-ին (Սամվել Թորոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում (քոլեջ): Նա բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտության և իրավագիտության ֆակուլտետում: Սամվել Թորոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։

Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում 2003 թվականի մայիսի 27֊ին (Նկար 5` Երվանդ Թադևոսյանի ծննդյան վկայականը)։ Հաճախել է Բերձորի Վ․Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Հիմնական կրթությունն ավարտել է 2018 թվականին: Երվանդ Թադևոսյանն Արցախի Հանրապետության քաղաքացի էր, հաշվառված էր Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքում: Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ֊ի պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի Հանրապետության քաղաքացիությունը։

Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին Հայաստանի Հանրապետության «Եռաբլուր» զինվորական հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորելու որոշումը կայացրել են նրանց ծնողները՝ իրենց իրավունքների շրջանակներում: 

Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի Հանրապետության քաղաքացիներն ու բնակիչները: Ուստի, միջազգային հանրության պատասխանատու դերակատարների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը, խրախուսված շրջափակման ու ռազմական ագրեսիաների անպատժելիությամբ, նոր պատրվակներ է փնտրում Արցախի ժողովրդի հանդեպ հերթական հանցավոր գործողությունների իրականացման համար»։