Աղաջանյանը՝ դեսպան, Գրիգորյանը՝ ԱՀԾ պետ, Մանուկյանը՝ ՝ իրավապահների թիրախում․ Մամուլը՝ սուրճով

Աղաջանյանը՝ դեսպան, Գրիգորյանը՝ ԱՀԾ պետ, Մանուկյանը՝ ՝ իրավապահների թիրախում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի: Պատգամավորը չի մասնակցում նաեւ ներկուսակցական քննարկումներին:

Նա վերջերս հրաժարվեց ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից, իսկ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեռ ղեկավարում է, չնայած նրան արդեն փոխարինողի անուն կա՝ Սարգիս Խանդանյան։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Աղաջանյանը մտադիր է լքել Հայաստանը եւ շարունակել իր գործունեությունը որպես դեսպան: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները հայտնեցին, որ թիմակիցներն Աղաջանյանից ուղիղ հետաքրքրվել են՝ ինչ է մտադիր անել, ուզում է արդյոք դեսպանի աշխատանքի անցնել, սակայն նա խուսափողական պատասխաններ է տվել եւ ոչինչ հստակ չի ասել: Պատգամավորը նախընտրում է միայն խորհրդարանում քննարկում-հանդիպումներ ունենալ դրսից Հայաստան ժամանած պաշտոնյաների կամ պատգամավորների հետ, իսկ կուսակցական քննարկումներից խուսափում է. եթե անգամ մասնակցում է թիմակիցների հետ որեւէ հանդիպման, ապա շատ չեզոք է իրեն դրսեւորում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից նախաձեռնված քրեական վարույթը ուղարկվել է Գլխավոր դատախազություն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ:

Մասնավորապես, նրանցից մի քանիսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի այդ պաշտոնին, ապա իրենք ամեն կերպ կօգնեն Հայաստանին, կնպաստեն նորաստեղծ այդ կառույցի զարգացմանը:

Եվ հենց այդ ամենը հաշվի առնելով ու փոխադարձ քննարկումների արդյունքում եւ համաձայնությամբ թեկնածությունը հենց Գրիգորյանի վրա է կանգ առել, որից հետո էլ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել օմբուդսմենի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան, թե ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Մեր տեղեկություններով՝ Մեղրյանին հրաժեշտ են տվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ կլինի հարկադիր կատարողը ծառայության ներսից որեւէ մեկը լինի, այլ ոչ թե համակարգից դուրս, օտար անձ:

Արդյունքում որոշել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին հրաժեշտ տալ՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնին նշանակելով Արսեն Մարտիրոսյանին:

«Հրապարակ» թերթը գրում է.

ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաեւ մանդատից․ նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որեւէ երկիր։ Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, եւ որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերեւից դեռ հավանության չի արժանացել։

«Հրապարակ» թերթը գրում է.

Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա եկող ամիս։ Չնայած կառավարությունում մի քանի օր է՝ շրջանառվում է իշխանության թեկնածուի անունը՝ ի դեմս սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի, սակայն երեկ տեղեկացանք, որ փորձում են ֆորմալ պահպանել ձեւը՝ իբրեւ թե ԱԺ ՔՊ խմբակցությունն է առաջադրելու թեկնածուին։ Եվ երեկ Հայկ Կոնջորյանը պատգամավորներին ասել է, որ խմբակցության նիստ է լինելու, որ որոշեն իրենց թեկնածուին, եւ յուրաքանչյուրին առաջարկել է թեկնածություն ներկայացնել։

«Հրապարակ» թերթը գրում է.

Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։

«Հրապարակ» թերթը գրում է.

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո աշխատակազմի եւ ոչ մի աշխատակից ազատման դիմում չի գրել ու Գրիգորյանի հետ չի հեռացել։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո, հիշենք, ՄԻՊ աշխատակազմի մեծ մասը նրա հետ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեց, թեեւ կարող էին մնալ, սակայն չցանկացան Քրիստինե Գրիգորյանի հետ աշխատել։ Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը․ գլխավոր քարտուղարի տեղակալի, ՄԻՊ խորհրդականի, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի, հետազոտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի հաստիքները մինչ այժմ թափուր են։

ՄԻՊ աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդ ՄԻՊ-ը, եւ նորանշանակը կպահի՞ իրենց, թե՞ կնախընտրի աշխատակազմը սեփական կադրերով համալրել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի թեկնածությամբ էլ աշխատակիցներն առանձնապես խանդավառված չեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից:

Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած այս ամենին՝ վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում. Հայաստան ժամանած ռուս քաղաքացիների մեծ մասը, որոնք հեռավար են աշխատում, տուն, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, թե Հայաստանում ունենք պատահարների, զոհերի ու վիրավորների թվի նվազում: Նա, մասնավորապես, նշել էր. «2019-ի համեմատությամբ՝ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով, 2022 թվականին՝ 4308, 2019 թվականին՝ 4799»:

«Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած գրեթե բոլոր վթարները արձանագրվում են ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ այնուհետեւ փոխանցվում Ավտոապահովագրողների բյուրո։ Ըստ այդ տվյալների՝ ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցրած թվից։ 2021թ.-ին հատուցվել է 25,633 պատահարի վերաբերյալ դիմում, չեն բավարարվել կամ հատուցումից հրաժարվել են 7298-ը։

Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։ Բացի այդ, նորանշանակ նախարարը նաեւ հակասել է ինքն իրեն. ՃՏՊ-ների քանակը 2019-ի հետ համեմատելիս հայտնեց, որ 2022-ին արձանագրվել է 4008 ՃՏՊ, քիչ հետո՝ արդեն 2021-ի հետ համեմատելիս, ՃՏՊ-ների քանակը «դարձավ» 4009։

Մեկ այլ դեպքում, խոսելով վիրավորների մասին, Վահե Ղազարյանը հայտարարեց. «Վիրավորները՝ 646 (նկատի ուներ, թե որքանով է կրճատվել քանակը,- խմբ.) կամ 9?5 տոկոսով։ 2022 թվականին՝ 6155, 2019 թվականին՝ 6008»։ Այսպիսով, ստացվում է՝ նորանշանակ նախարարը ոչ ճիշտ թվեր է ներկայացնում հանրության դատին: