Հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը նվազել է. Գիլոյան

Հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը նվազել է. Գիլոյան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:   

«Հավաքականի վերադարձի մասին որոշումը կայացվել է Ադրբեջանում: Անձամբ զրուցել եմ պատվիրակության ներկայացուցիչների հետ, նրանք ինչ-որ բանից դժգոհ չէին: Պատվիրակության ղեկավարը, մարզիչները միաբերան ասում էին, որ շոյված են, լավ են զգում, իրենք խնդիր չունեն վտանգի հետ կապված: Պարզապես հրահանգ են ստացել և չեն կարող չկատարել հրահանգը, պիտի վերադառնան: Սա պարզապես պատրվակ է: Հայաստանի Հանրապետությունը ապահվել և ապահովելու է բոլորի անվտանգությունը»,-ասել է փոխնախարարը:

Ըստ Կարեն Գիլոյանի` միջադեպն օգտագործվել է, որպեսզի ստվեր գցվի առաջնության ընթացքի վրա:

«Այո՛, միջադեպը սպորտային չէ և տխուր փաստ է: Բայց իրենք հասկանում են, որ արարքը պարզապես անձի կողմից է արված, պետական վերաբերմունք չէ: Հիմա փորձում ենք մեղմել վիճակը: Եթե նախօրեին մեծ էր հաջորդ տարվա աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հավանականությունը, ապա այսօր այն բավականին նվազել է»,- նկատեց նա: