Քաղաքապետի թեկնածուի փեսային ստիպել են դիմում գրել, Որտե՞ղ են սովորում պաշտոնյաների երեխաները․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որ բակ առ բակ ընկած քարոզչություն է իրականացնում՝ հավակնելով կրկին դառնալ համայն հայության մայրաքաղաքի ղեկավարը, թերեւս մոռացել է իր աշխատանքը:«Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել այն մասին, որ Հայկ Մարությանն ամենաանպատասխանատու քաղաքապետերից է եղել, քանի որ ամենաշատն է բացակայել աշխատանքից, արձակուրդում ամենաշատը եղած պաշտոնյան է եղել: Իհարկե, Կորոնավարակի օրերին հեռավար աշխատանքը դարձել էր սովորական երեւույթ, բայց Մարությանը մինչ այդ վարակը եւ դրանից հետո շատ հաճախ է հեռակառավարել կամ բարձիթողի վիճակում թողել քաղաքապետարանը:
Հայկ Մարությանը պարբերաբար եղել է Չեխիայում: Եւ դեռ այդ օրերին քաղաքապետարանի աշխատակիցները դժգոհում էին, որ որեւէ թուղթ ստորագրելու համար օրերով հերթագրվում են քաղաքապետի մոտ ընդունելության: Հիմա, կարծես թե, Հայկ Մարությանի հավեսը տեղն է եկել, նորից ուզում է քաղաքապետ դառնալ, սակայն պարզ չէ, թե քանի օր նա նույն ինտենսիվությամբ աշխատանքի կգնա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը եւ նրա ընկեր, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը քաղաքական հաշվեհարդար են տեսնում դատավորների հետ: ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար քաղաքապետի թեկնածուներից մեկի փեսային փաստացի ստիպել են ազատման դիմում գրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը փաստացի (ճնշման տարբեր օղակներ գործի դնելով) ստիպել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որպեսզի աշխատանքից ազատման դիմում գրի կամավոր: Պատճառը Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն է:
Պարզվում է՝ այս ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր օղակներով փորձում է հնարավոր թեկնածուների հետ հանդիպել, խոստումներ ստանալ, թե ընտրություններից հետո արդյոք պատրաստվում են ՔՊ-ի հետ կոալիցիա-դաշինք ձեւավորել եւ քաղաքապետ ընտրել ՔՊ թեկնածուին: Վիկտոր Մնացականյանը քանի որ կտրուկ մեժել է համագործակցությունը ՔՊ-ի հետ, նրա փեսային՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ստիպել են ԲԴԽ-ից ազատման դիմում գրել հեռանալ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորի ազատման դիմումն արդեն ԲԴԽ-ում է: Իհարկե, փորձեցինք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից. դատավոր Ռուբեն Ներսիսյանը երեկ ողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խոսնակի միջոցով փոխանցեց. «Բացառիկ հորինվածքներն ու բամբասանքները զվարճալի կլինի մեկնաբանել»:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակ առ ժամանակ թեժանում են խոսակցությունները այս կամ այն քաղաքական գործչի ընտանիքի անդամների, մասնավորաբար զավակների հետ կապված, որոնք ուսանում են արտասահմանում: Արտերկրում ուսանելն ինքնին չի կարող դատապարտելի լինել, առավել ևս, եթե «դրսում» սովորողներն, ի վերջո, իրենց գիտելիքներն ի սպաս են դնում մեր երկրի զարգացմանը: Այդուամենայնիվ, նման թեմաների շահարկումների պակաս չկա, բնականաբար՝ քաղաքական ենթատեքստով:
Հետաքրքիր է, որ «հակաարտասահմանյան» այս արշավին վերջերս ակտիվորեն մասնակցում են իշխանական ու մերձիշխանական որոշ շրջանակներ: Ավելին, երբեմն այս դաշտից ոչ միայն մեղադրանքներ են հնչում, թե այդ ինչ փողերով են սովորում քաղաքական գործիչների երեխաները, այլև կարծիքներ են հնչում, թե արտերկրում սովորելու «ուղարկելը» նշանակում է անվստահություն մեր երկրի կրթական համակարգի նկատմամբ:
Մոտեցումն, իհարկե, մեղմ ասած, վիճելի է, սակայն, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա մի շարք պաշտոնյաների ևս պետք է մեղադրել նման «անվստահության» մեջ: Հիշենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր դուստրն ընդունվել է Գերմանիայում գործող միջազգային դպրոց: Մեր տեղեկություններով, Գերմանիայում է սովորում նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դուստրը:
Կրկնենք, արտերկրում ուսանելը պախարակելի չի կարող լինել, ընդհակառակը, սակայն հետաքրքիր է, որ «դրսում» են սովորում հենց մեր երկրի կրթական համակարգի գլխավոր պատասխանատուի և վարչապետի երեխաները: Իսկ նրանցով, այսպես ասած, չի սահմանափակվում այն պաշտոնյաների ցանկը, որոնց զավակները սովորում են արտասահմանյան բուհերում:
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն «ազգակործան պատուհաս» է որակել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա կողմնակիցներն ու երբեմնի գաղափարակիրներն ակտիվ աջակցում են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը՝ մասնակցելով Երեւանում ՔՊ-ի քարոզարշավին։ Օրինակ, ակտիվ մասնակցողներից մեկը Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի որդին է՝ Խաչիկ Հակոբյանը, ով Երեւան-Թուրքիա ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ ՔՊ շտաբում հսկում էր Ավինյանի թիկունքը։ Նույնն էր անում նաեւ ՀԱԿ-ի հայտնի Աբուլիկը։
Մեր աղբյուրներն ասում են, որ երկու երիտասարդներն էլ «անշահախնդիր» չեն աջակցում Ավինյանին, նրանք բազմաբնակարան շենքերի բիզնես ծրագրեր ունեն եւ շինթույլտվությունների ակնկալիքներ»: