Մենք մեր հողի մեջ կալանավոր ենք դարձել․ Տեղի ավագանու անդամ
Ադրբեջանցիները կադաստրով հաստատված մեր հողում են, ամրաշինական աշխատանքներ են անում․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։
Շեշտում է՝ ադրբեջանցիները հետ չեն գնացել, նույն տեղում են, իր ցորենի արտի մեջ էլ են պոստ դրել, վրանները խփել՝ նստել են։
«Սյունիքի մարզպետի հետ քննարկել ենք ստեղծված իրավիճակը։ Հիմա հերթապահ ոստիկաններ են ճամփին գիշերում՝ մեքենաների մեջ։ Մի կողմից թուրքն է, մյուս կողմից իրենք՝ կալանավորի պես։ Ադրբեջանցիները վրանների տակ են գիշերում, մեր ոստիկանները մեքենաների մեջ։ Տեղ մտնելը ազատ կարող ես, բայց առաջ գնալ չես կարող»,-ասաց նա։
Ավելի վաղ գրել էինք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական զորքի մինչեւ 300 մետր առաջ գալուց մի քանի օր անց, ի հակադրություն Նիկոլ Փաշինյանի, որը պնդում էր, թե սահմանին դիրքային փոփոխություններ չեն եղել, Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ ԱԱԾ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ հիշյալ հատվածում իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Մասիս Զեյնալյանն ընդգծում է՝ տեղեր կա, որ հետ են գնացել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները մարտի 30-ին հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել ու հենակետ դրել։
Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն համայնքները մայրաքաղաք Ստեփանակերտից կտրելուց հետո ադրբեջանցիները հերթական անգամ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։
Մանրամասն՝ տեսանյութում։