ԱԺ պատգամավորներն ԱՄՆ-ում ներկայացրել են ՀՀ-ում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

Վաշինգտոնում ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Գասպարյանը եւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցն Ազգային ժողովրդավարական ինստիտուտում (NDI) տեսակապի միջոցով հանդիպել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (ԱԺԻ) նախագահ Դերեկ Միտչելին, ԱԺԻ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Բուսզային, հանդիպմանը ներկա էր նաեւ Եվրասիա ծրագրի ավագ տնօրեն Մելիսա Սելին Մուսկոն:
Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի միջև համագործակցությունը, որը միտված է ԱԺ կարողությունների զարգացմանը, խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդմանը:
ՀՀ պատվիրակության անդամները գոհունակությամբ են փաստել, որ վերջին տարիներին համագործակցությունն ընդլայնել է իր շրջանակները՝ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կյանքի են կոչվել տարբեր նախագծեր։
Պատգամավորները ներկայացրել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, բարձր գնահատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանը:
ԱԺԻ նախագահը Դերեկ Միտչելը շնորհակալություն է հայտնել հայ խորհրդարանականներին արդյունավետ համագործակցության համար, ընդգծելով, որ կշարունակեն աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։
ՀՀ պատվիրակության անդամները ներկայացրել են նաեւ Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, քննարկել առկա տարածաշրջանային մարտահրավերները: