Մարտից ՌԴ-ն ահազանգում էր վտանգի մասին. ինչու ՀՀ իշխանությունը չկանխեց Տեղի դեպքը

Մարտից ՌԴ-ն ահազանգում էր վտանգի մասին. ինչու ՀՀ իշխանությունը չկանխեց Տեղի դեպքը

Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպերը նվազեցնելու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար 2 տարով Արեւմուտքից մեր երկիր եկած ԵՄ դիտորդները որեւէ ձեւով չեն արձագանքում ադրբեջանական կողմի սադրանքներին։ Այս մասին ահազանգում են փորձագիտական եւ քաղաքական շրջանակները՝ օրինակ բերելով Տեղ գյուղում հայ զինվորականների սպանությունները։ 

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը շեշտում է՝ ԵՄ դիտորդները այստեղ եկել են լրիվ այլ նպատակներով, որի մասին բաց տեքստով խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, փաստացի հայտարարելով, որ Հայաստան են եկել վերահսկելու ռուսական զորքերի տեղաշարժը։ 

«Ռուսական մի ասացվածք կա՝ "Ձեր սպասումները ձեր խնդիրն է"։ Այն սպասելիքները, որ իշխանությունը ձեւավորել է ԵՄ դիտորդների նկատմամբ՝ մեր խնդիրն է, իրենք այլ գործողությունների համար են այստեղ։ ԵՄ դիտորդները այստեղ են՝ ոչ միայն ռուսական զորքերին վերահսկելու, այլեւ իրանական։ Ես կարծում եմ, որ իրենց վրա վերցրած այս գործառույթը բավականին արդյունավետ կատարում են։ Անգամ բաց աղբյուրներն են ասում, որ ԵՄ դիտորդները հատկապես այն շրջաններում, որոնք ժամանակին ադրբեջանաբնակ են եղել, քաղաքական որոշակի ենթատեքստ ունեցող հարցումներ են անցկացնում։ Օրինակ այն, թե պատրաստ կլինե՞ն մարդիկ նորից ապրել ադրբեջանցիների հետ՝ իրենց հնարավոր վերադարձի պարագայում եւ այլն»,- MediaHub-ի հետ զրույցում նկատեց քաղաքագետը։ 

Իշխանականները սկսել են շրջանառել մի թեզ, թե իբրեւ Տեղ գյուղի այն հատվածը, որտեղ առաջ են եկել ադրբեջանցիները՝ Լաչինի միջանցքի մի մասն է, որի վերահսկողությունը տրված է ռուսական կողմին, եւ ուրեմն Ռուսաստանի պատասխանատվության գոտում է տեղի ունեցել ադրբեջանական զորքի առաջխաղացումը։ Արդյո՞ք սա իրականության հետ աղերսներ ունի եւ պե՞տք է պահանջներն ու սլաքներն ուղղվի դեպի Կրեմլ։ 

«ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից մենք իմացել ենք, որ դեռեւս անցյալ տարվա օգոստոս ամսից հայտնի էր, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա եւ ապրիլից պետք է զորքերը դիրքավորվեն, ըստ այդ երթուղու փոփոխության։ Հայաստանի իշխանությունները օգոստոսից ժամանակ են ունեցել դիրքավորվելու եւ ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։ Եթե իշխանությունները մտադրված են ռուսական կողմին ամբողջությամբ հանձնել մեր անվտանգության ապահովման գործառույթը, ապա ավելի անկեղծ կլինեն ակնարկեն ոչ թե լրագրողների միջոցով, այլ խոսեն բաց տեքստով։ Տրամաբանական է, որ իրենց մեղքերը փորձելու են բարդել այլոց վրա։ Մինչ այդ էլ նախկիններն էին մեղավոր, ղարաբաղցիները, «5-րդ շարասյուն» ասվածը»,-ասում է քաղաքագետը։

Ապրիլի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասաց, որ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցում գնդակը Երևանի դաշտում է։ 

«Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն, մենք կկարողանանք վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ մոդալությունների ամրագրմանն ուղղված աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- ասել էր Զախարովան։ Հաշվի առնելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակի այս հայտարարությունը՝ Մաթեւոսյանը նկատում է՝ մարտի կեսերից ռուսական կողմն ահազանգում էր, որ կա վտանգ եւ իրենք պատրաստ են խաղաղապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Զախարովայի խոսքը հենց սրան է ուղղված։ Եկեք օբյեկտիվ լինենք՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը շատ լավ պատկերացնում են՝ գետնի վրա իրավիճակը ինչպիսինն է, ինչ զարգացումներ կարող են լինել, եւ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների՝ փորձում են կանխել այդ գործողությունները։ Քանի որ հայկական կողմը չի ուզում ՀԱՊԿ-ից օգնություն ընդունել, Զախարովան հստակ ասում է, որ խնդիրը ոչ թե ռուսական կողմի մոտեցումներն են, այլ հայկական կողմի քաղաքական կամքի բացակայությունը։ Եւ հենց այդ քաղաքական կամքիբացակայությունն է, որ ՀԱՊԿ չի կարողանում գալ եւ գործողություններ իրականացնել»,-ասաց նա։

Լիա Սարգսյան