Ադրբեջանը երեկ կրակել է նաև Գեղարքունիքի ուղղությամբ

MediaHub-ի տեղեկություններով՝ երեկ լարված է եղել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ։
Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը MediaHub-ին փոխանցեց, որ հիմա իրավիճակը հանգիստ է։
«Կրակոցներ են եղել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ, թեթևակի, լուրջ բան չի եղել։ Որևէ վնաս չենք կրել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:
Լիաննա Թորոսյան