Մտահոգիչ է, հատկապես, որ գործին անչափահաս է ներգրավված․ ՄԻՊ-ը՝ պարեկների միջադեպի մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ Լոռու մարզի պարեկային ծառայության աշխատակիցների ու վանաձորցիների միջև օրերս տեղի է ունեցած միջադեպին։

«Առաջին լուրերը, որ ստացանք դեպքի վերաբերյալ, շատ մտահոգիչ էին, առնվազն այն նկարագրություններով, որոնք հրապարակվել էր։ Կապ ենք հաստատել ոստիկանության հետ, խնդրել ենք բացատրություններ ներկայացնել»,-ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ տեղեկություն կար, որ տեսանյութեր են վերացվել, սակայն տեղեկատվություն են ստացել, որ տեսախցիկները չեն ոչնչացվել և պատշաճ կերպով փոխանցվել են վարույթ իրականացրած մարմնին։

Նշենք, որ գործի առթիվ հարուցվել է երկու քրեական վարույթ՝ քաղաքացու դիմումով և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնության դեպքով։ «Ես ուղիղ կապի մեջ եմ ոստիկանապետի հետ, մենք շարունակաբար ստանալու ենք տեղեկություններ։ Ոստիկանությունը տեղեկացրել է նաև, որ կարգապահական վարույթ էլ են իրենք իրենց մասով հարուցել»,-ընդգծեց ՄԻՊ պաշտպանը, հավելելով, որ հետևողական են լինելու, որպեսզի հասկանան, թե կարգապահական ու քրեական վարույթները ինչի են հանգեցրել։

«Դեպքը մտահոգիչ է այն իմաստով, որ հատկապես անչափահաս է ներգրավված և տեղեկությունները ծայրահեղ իրարամերժ են․ սա ևս նշան էր, որ պետք է ավելի խորը ուսումնասիրել»,-ամփոփեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։