Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված․ Փելոսին մանրամասնեց

Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված․ Փելոսին մանրամասնեց

«Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված․ անցած շաբաթվանից, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք նաև անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը», - այսօր Երևանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարեց՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ 

«Միացյալ նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին, կարգավորմանը։ ԱՄՆ-ն վաղուց ի վեր նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Շարունակաբար պահպանվող ռազմական գործողությունները նորանոր կյանքերի կորստյան են հանգեցնելու, նորանոր տեղահանությունների, և մեծ գին է վճարվելու դրա համար», - ասաց Նենսի Փելոսին։ 

Նա հավելեց՝ ԱՄՆ-ն հետևում է այս խնդրին։ 

«Նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է, և մենք անվտանգության, կայունության և խաղաղության հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանձնառու ենք», - ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։