Պատգամավորը քվեարկում է իր խղճի, համոզմունքի համաձայն. Աննա Մկրտչյանը՝ ՔՊ թեկնածուի ընտրության մասին
ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորը քվեարկում է իր խղճի ու համոզմունքի համաձայն, հետեւաբար քվեարկության մասնակցած պատգամավորները պիտի ասեն, թե ինչու են քվեարկել Հայկ Գրիգորյանի օգտին․ MediaHub-ի հետ զրույցում ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ խոսելով օրերս ԲԴԽ անդամի նոր թեկնածու, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի ընտրության մասին։
Վերջինիս, հիշեցնենք, առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և նա ընտրվել էր միաձայն՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 75 պատգամավորն էլ նրա օգտին էին քվեարկել, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:
Աննա Մկրտչյանն ավելի վաղ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե «Պատիվ ունեմ»-ը կողմ է քվեարկել ՔՊ-ի առաջադրած թեկնածուի օգտին, հերքել էր իր մասնակցությունը։ Մեզ հետ զրույցում ասում է, որ եղել է ազատ քվեարկություն, ու ինքը տեղյակ չի, թե ովքեր են մասնակցել դրան։
«Ես հարկ եմ համարել չմասնակցել ու շարունակում եմ պնդել, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե «Պատիվ ունեմ»-ը մասնակցել է ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությանը, որովհետեւ, այդպես նշանակում է, որ մեր խմբակցության բոլոր պատգամավորները քվեարկել են։ Սահմանադրության համաձայն յուրաքնաչյուր պատգամավոր իր խղճի ու համոզմունքի համաձայն պիտի քվեարկի։ Ես հարկ եմ համարել հանրությանը տեղեկացնել, որ այդ քվեարկությանը չեմ մասնակցել»,- կրկնեց նա։
Անդրադառնալով այն լուրերին, թե իրենց ղեկավարն է հանձնարարել քվեարկել Հայկ Գեւորգյանի օգտին, Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ նման հանձնարարական չի եղել։
«Ես ուզում եմ շատ հստակ ասել, որ եթե Սերժ Սարգսյանը ինձ որեւէ բան ասի կամ հանձնարարի, րոպեների ճշտությամբ դա կանեմ։ Իմ չքվեարկելը խոսում է նաեւ այն մասին, որ նախագահի կողմից մենք չենք ստացել նման հանձնարարական, ինչը նորմալ է։ Խմբակցությունն ունի քաղաքական դիրքորոշում, քաղաքական հայացքներով մարդիկ, ովքեր ազատ են քվեարկել իրենց կամքին եւ խղճին համապատասխան։ Ինձ պարբերաբար հարցնում են՝ նախագահի հետ որոշումները քննարկվում են, թե՞ ոչ։ Դրանք խմբակցության որոշումներն են։ Երեւի՝ ինձ չէին հավատում, այս դեպքն էլ եւս մեկ փաստ, որ խմբակցության անդամներն են որոշում՝ ինչ անել»,--ընդգեծց պատգամավորը։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ այն, որ ՔՊ-ի առաջադրած Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի օգտին քվեարկությանը մասնակցած բոլոր պատգամավորները, այդ թվում՝ «Պատիվ ունեմ»-ից, կողմ են քվեարկել, արդյոք այս իրողությունն ընդդիմության քաղաքականության տրամաբանության մեջ տեղավորվում է, Մկրտչյանն արձագանքեց.
«Շատ եմ խնդրում, որ այս հարցը տաք այն պատգամավորներին, ովքեր քվեարկել են։ Կրկնում եմ՝ խիղճն ու համոզմունքը սահմանադրական պահանջներ են։ Ես անդրադարձել եմ հետեւյալ խնդրին, որ պնդումները, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է եղել Հայկ Գրիգորյանի թեկնածությանը, իրականությանը չի համապատասխանում»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Հայկ Գրիգորյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, 75 կողմ ձայնով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկել է փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 75 պատգամավորից 75-ը՝ որևէ դեմ ձայն նա չի ստացել: «ՔՊ»-ից Քրիստինե Պողոսյանը, որը նաև Հաշվիչ հանձնաժողովի անդամ է, MediaHub-ին ասաց, որ իրենց պատգամավորներից միայն Սերգեյ Բագրատյանը քվեարկությանը չի մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով։
Լիա Սարգսյան