Եկեղեցու դեմ նոր սադրանք են ծրագրել, Տիգրան Փոլադյանն ու Տիրան Խաչատրյանը նույն խցում են նստած. Մամուլը՝ սուրճով

Եկեղեցու դեմ նոր սադրանք են ծրագրել, Տիգրան Փոլադյանն ու Տիրան Խաչատրյանը նույն խցում են նստած. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները նոր շարժում են ձեւավորվել՝ «Վարդանանք» անվամբ, ու պատրաստվում են ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական ակցիան՝ ընդդեմ Վեհափառի, պատրաստվում են իրականացնել փետրվարի 24-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:

Վերջինս, մեր տեղեկություններով, երկար տարիներ ԱՄՆ-ում է բնակվել եւ վերջերս է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս իշխանության ակտիվ աջակից է, Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ականներին գովերգող գրառումներ է ձոնում, ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում ու կոչ անում քաղաքացիներին պաստառներով միանալ ընդդեմ Վեհափառի ակցիային: Հակաեկեղեցական նմանատիպ մի տխրահռչակ շարժում ձեւավորվել էր 2018թ.-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» անվամբ, որի նախաձեռնողները կրկին այս իշխանության աջակիցներն էին: Այս ամենը թերեւս կասկած չի թողնում, որ հակաեկեղեցական շարժումը հստակ ուղղորդվում է իշխանության վերին էյշելոնների կողմից: Սա եւս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հակաեկեղեցական ալիքը աննախադեպ ծավալի է հասել: Թավշյահեղափոխականները չեն խորշում ամեն առիթով ԱԺ ամբիոնից Եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող հայտարարություններ անել:

Հակաեկեղեցական այս էպոպեայի գագաթնակետն էլ թերեւս նախորդ տարի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն էր. «եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն լավ չեն Աստծո հետ»: «Ժողովուրդ» օրաթերթը այս անչությամբ դիմեց նաեւ Մայր աթոռ, որտեղից մեզ ասացին՝ ընդդեմ Վեհափառի ակցիայի մասին տեղեկացել են նախաձեռնողների ֆեյսբուքյան էջից: «Միայն կարող եմ ասել, որ այս ամենն անհասկանալի է մեզ համար»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն` լսել տարեկան հաշվետվությունը: Իսկ օրվա վերջում, հավանաբար հենց նրա հորդորով, ԱԱԾ-ն մի ողորմելի, Ադրբեջանին քծնող հայտարարություն է տարածել, թե` մեզ մի մեղադրեք, որ ականապատ դաշտերի քարտեզները լավ որակի չեն` էդ ա մեր ունեցածը: Եվ խոստացել է առաջիկա օրերին նոր քարտեզներ տրամադրել.

«Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է՝ շոշափելի քայլեր ձեռնարկել 2 պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ ԱԱԾ-ն վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ծիրան» սուպերմարկետը այս տարվա սկզբից Պետական եկամուտների կոմիտեի հետ մտել է դատական քաշքշուկի մեջ: Դատելով իրավիճակից՝ «Ծիրան» սուպերմարկետի ղեկավարները անբարեխիղճ աշխատանք են իրականացրել, ինչը ՊԵԿ-ի կողմից արձանագրվել է, եւ ակտ է կազմվել: Իհարկե, պետական մարմնի այս որոշման հետ համամիտ չէ սուպերմարկետի ղեկավարությունը եւ ՊԵԿ-ի որոշումը վիճարկում է դատարանում:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ՊԵԿ-ը տուգանում է «Ծիրան» սուպերմարկետին՝ անբարեխիղճ աշխատանքի համար, սակայն սուպերմարկետը ՊԵԿ-ի գրեթե բոլոր ակտերը վիճարկում է դատարանում: Մենք կհետեւենք զարգացումներին»։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սնանկության դատարանի դատավոր, կաշառք ստանալու գործով դեկտեմբերի վերջերին կալանավորված Տիգրան Փոլադյանն ու ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, մեր տեղեկություններով, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նույն խցում են նստած:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այս տարվա հունվարի 14-ին` խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Թեեւ նրա փաստաբանն օրերս մանրակրկիտ ներկայացրել է, թե ինչ դաժան ծեծի է ենթարկվել գեներալը եւ ինչպես է ստիպված եղել ինքնապաշտպանվել: Իսկ դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է դեկտեմբերի 16-ից, նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:

Նրան պաշտպանող փաստաբանական խումբը, որտեղ հիմնականում նրա համակուրսեցիներն են, չգիտես ինչու, խուսափում է հարցազրույցներ տալուց եւ այս գործի մանրամասների մասին խոսելուց»: