Մի պահ թող իրենց պատկերացնեն առանց թիկնապահների ու կհասկանան՝ իրենց ինչ է սպասվում․ Իշխան Սաղաթելյան
Երեկվա հոխորտալուց հետո Ալեն Սիմոնյանը, հավանաբար հասկացավ, որ հակառակ ազդեցությունն ունեցավ, այսօր էլ փորձում է զոհի կարգավիճակ ստանալ։ Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը պետք է մի բան հասկանան՝ կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրը ինչ օրի են հասցրել։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելայնը՝ խոսելով ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի, ինչպես նաև Ալեն Սիմոնյանի, Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպերի մասին։
Դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե գլխավոր դատախազը խորհրդարան է գնալու Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նպատակով, վերջինս պատասխանեց․
«Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ենթադրում ենք, որ կարող են նման սցենարով գնալ, քանի որ Հայաստանում օրենքը կիրառվում է երկակի։ Մենք խորհրդարանում ունեցել ենք այսպես ասած քաղաքական մեծամասնության պատգամավորներ, որոնք խուլիգանական բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, սակայն իրավապահ համակարգը մատնված է եղել անգործության, այդ թվում, երբ 20-30 հոգով հարձակվել էին պատգամավորի օգնականների վրա ու այդ ժամանակ տեսախցիկները կորան, ու չհայտնվեցին ՀԺ-ի էջերին»։
Սաղաթելյանը, իշխանությանը դիմելով, շեշտեց, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ և ըստ նրա՝ հատկապես ներկայիս իշխանությունը։
«Երբ պատասխանատվությունից են խոսում, պետք է հիշեն, որ պատասխան են տալու. իրենց ձեռքերն արյունոտ են, իրենք մեր հայրենիքի մի մասն են հանձնել ու շարունակում են հանձնել, էս մնացածը երկրորդական է»։
Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպը Սաղաթելյանը որակեց որպես Սիմոնյանի կողմից հերթական խուլիգանություն։
«Իսկ երեկ, երբ ինքն ասում էր՝ պատերազմ անցած տղա, երևանցի լավ տղա, ես որքան գիտեմ՝ Երևանի լավ տղերքը էդպիսի կեցվածք չեն ցուցաբերում և առհասարակ տղերքը նման կեցվածք չեն ցուցաբերում: Մի պահ թող իրենց պատկերացնեն առանց թիկնապահների և պետական պահպանության, հետո կհասկանան, թե իրենց ինչ է սպասվում»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ մարտի 31–ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Սահակայանն այսօր ազատ արձակվեց ՁՊՎ-ից։