Պիտի կաֆելը պոկվի, երեխաների գլխին ընկնի, որ անվտանգ միջավայր ստեղծեն․ ի՞նչ է կատարվել 42 մանկապարտեզում

Պիտի կաֆելը պոկվի, երեխաների գլխին ընկնի, որ անվտանգ միջավայր ստեղծեն․ ի՞նչ է կատարվել 42 մանկապարտեզում

MediaHub-ն օրեր առաջ ահազանգ էր ստացել Երևանի թիվ 42 մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ մանկապարտեզի պատերն իրարից քանդվել ու լցվել է դաստիարակի վրա, ու հարցին ոչ ոք լուծում չի տալիս։ 

«Ահավոր վտանգավոր ա, չգիտենք՝ ինչ անել»,- ներկայացրել էր մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց մանկապարտեզի տնօրեն Անի Բաղդասարյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց մեր ստացած տեղեկատվությունը։

«Սկսենք նրանից, որ մանկապարտեզի տարածքում ոչ մի պատ չի փլվել, ուղղակի կաֆել է ընկել։ Սանհանգույցում կաֆել է ընկել, ոչ թե պատ է փլվել։ Բոլոր գրություններն ուղարկված են համապատասխան մարմիններին, և համապատասխան եզրակացության պարագայում սպասում ենք համապատասխան լուծման»,- նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ մանկապարտեզը շարունակում է նորմալ գործել, քանի որ այդ տարածքը երեխաների համար վտանգ չի ներկայացնում։

«Անվտանգ տարածք է ստեղծվել, որպեսզի որևէ մեկի անվտանգությանը ոչինչ չսպառնա։ Ուղղակի կաֆել է ընկել վերևից»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե արդյո՞ք սա առաջին դեպքն է, թե էլի են եղել նման դեպքեր, մանկապարտեզի տնօրենը պատասխանեց՝ սա առաջին դեպքն էր։

«Պաշտոնական բոլոր քայլերն արվել են ու անվտանգ միջավայր է ստեղծվել խմբում»,- նշեց նա։

Հարցին, թե այսինքն՝ մինչ այդ վտանգավո՞ր էր, Անի Բաղդասարյանը պատասխանեց՝ մեզ պռովոկացիա անելու մեջ մեղադրելով։

«Դուք Ձեր լրագրողական պռովոկացիոն հարցերը մի տվեք»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։

MediaHub-ը հետևողական է լինելու այս հարցին։

Նարե Գնունի