Տնավորվող «հեղափոխականները»

Տնավորվող «հեղափոխականները»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, որը հեղափոխությունից հետո արդեն երկրորդ տունն է ձեռք բերում: 

Նոր բնակարան՝ Սուքիասյանի և Արսենյանի հովանավորությամբ 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թ-ի ամռանը։ Մամուլը գրեց, որ բնակարանի ձեռքբերման գործարքը ֆինանսավորել է(հիփոթեքային վարկով վարկավորել է) Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։ Իսկ շենքը, որտեղ գտնվում է նախարարի բնակարանը, կառուցում է նախկին պատգամավոր, այժմ գործող իշխանությունների աջակցությունը վայելող Աշոտ Արսենյանի ընկերությունը։

Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։ Սա արդեն կոռուպցիոն ռիսկի դրսևորում է: 

Վերջը բարին լինի 

Դե, իհարկե, 168 հազար դոլարն ի՞նչ է, որ Սուրեն Պապիկյանին վարկ չտան՝ բնակարան գնելու համար: Իհարկե, սա կոռուպցիա չէ, այլ «հեղափոխական արդարություն»:
Նախկինների մոտ էլ ամեն բան թղթով նորմալ էր, ոչ մեկն էլ իր ագահությունը, չբավարարվող ախորժակը կոռուպցիա չի համարում:
Բայց այս իշխանությունն ավելի դաժան է հեռացվելու, ժողովուրդը նրան չի ներելու՝ իր հույսերը, երկրի ապագան սպանելու համար..

Վահրամ Բագրատյան