Ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների, 300 հազար ադրբեջանցիների հարցն առաջ է բրդում․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պետք է զբաղվի «հակամարտությունից հետո առկա շրջանում խաղաղ համակեցության ապահովման հարցերով»։
Ադրբեջանի այս նախաձեռնությունը բուռն քննարկվում է ներհայաստանյան քաղաքական կուլիսներում, մասնավորապես հարց է ծագում՝ եթե ԼՂ-ում որեւէ հայ չի մնացել, ապա ինչ «համակեցության» մասին է խոսքը։ Կան վարկածներ, որ հնարավոր է Ալիեւն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման՝ դրանով լեգիտիմացնելով նաեւ իր «Արեւմտյան Ադրբեջանի» ծրագիրը, որի շրջանակներում մտադիր է 300 հազար ադրբեջանցու Հայաստանում բնակեցնել։
«Իրավունք» թերթը գրում է. «Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու։ Գյումրեցիները լուրջ մտավախություն ունեն, որ արտահերթ ընտրությունները կարող են վերածվել կլանային բախումների, որի հետեւանքները առաջին անգամ չէ, որ գյումրեցիները «ճաշակում են»։
Մասնավորապես` վերջիններիս անհանգստացնում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մասնակցությունը, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է անողոք ու անզիջում պայքարի»:
«Հրապարակը» գրում է․ Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արեւմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել։
Հեղինակներին բացատրել են՝ ինչ ասել է իրավական ակտ, ինչ ասել է օրենք, եւ որ իրենց ներկայացրած նախագծով չեն կարող ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անել, քանի որ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն է եւ դրան անդամակցելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Փորձագիտական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ «նախագծով նախատեսվող ձեւակերպումները չեն ընկալվում միանշանակ եւ առաջացնում են տարընթերցումներ»: «Նախագծի բովանդակության եւ մեր կողմից ներկայացված իրավունքի նորմի հատկանիշների համեմատական վերլուծության արդյունքում ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծում նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, որոնք կհամապատասխանեն իրավական նորմերի դասական եռաբաղադրիչ կառուցվածքին, օժտված կլինեն իրավական որոշակիությամբ եւ կերաշխավորվեն պետական հարկադրանքով:
Օրենքները, որպես նորմատիվ իրավական ակտեր, ուղղված են միայն ու միայն վարքագծի պարտադիր կանոններ նախատեսելուն: Հետեւաբար, եթե Նախագիծը չի պարունակում քննարկված հատկանիշներին համապատասխանող վարքագծի կանոններ, ապա խնդրահարույց է նրա՝ «օրենք» բնորոշվելու հարցը»։
Նախագիծն ընդգրկվել է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նիստի օրակարգում եւ կքննարկվի այսօր։ Հանձնաժողովի իշխանական մեծամասնությունը կողմ կքվեարկի նախագծին