Արայիկ Հարությունյանը ատամ է ցույց տալիս Փաշինյանին

Արայիկ Հարությունյանը ատամ է ցույց տալիս Փաշինյանին

Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով ուղիղ կոչով դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փրկելու Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարից:

«Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում և, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ Նախագահ Վ. Պուտինի անմիջական և գործուն մասնակցությունը՝ դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով: Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ էության, Արցախի օրենսդիր մարմինը նաև ուղիղ ասում է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն է դա ուզում, դրան տանում և դա պետք է կանխել.

«Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների միասնական շահերը պաշտպանելու դիրքերից՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի պատմական որոշումը»:

Սա պատասխան էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, որը հնչեցվեց ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի շուրթերով, թե «ՀՀ-ն այլևս չունի ռեսուրս՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու»:

Սակայն ուշագրավն այն է, որ դեռ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ողջունում էր Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ, մեջբերում ենք, «Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»:

«Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան»,- ասված էր Հարությունյանի հայտարարության մեջ։

Իսկ վաղը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում է ունենալու Վլադիմիր Պուտինի ու Ալիևի հետ: Եվ այս հանդիպումն այնքանով է հետաքրքիր, որ Փաշինյանն էլ երեկ հայտարարեց ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ ժամկետները պետք է որոշի Ռուսաստանը։ Կրեմլից հորդորեցին սպասել հանդիպմանը:

Այնպես որ՝ սպասենք...