Վահան Քերոբյանի գործը «բուրդ է»

Քիչ առաջ ՔԿ-ն մանրամասներ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործից՝ նշելով, որ այս պահին ութ անձանց մեղադրանքներ են ներկայացվել:
MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ իրավապահները հանձնարարական են ստացել այսուհետ պաշտոնական հաղորդագրություններում չնշել քրեական գործով անցնող ու անգամ դատապարտված անձանց անունները, ոչ էլ նրանց անուն-ազգանվան առաջին տառերը, ուստի ՔԿ հաղորդագրության մեջ դրանք բացակայում են: Սակայն տեքստից հասկանալի է, որ մեղադրանք է առաջադրվել նաև էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին:
«Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:
Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, այն, որ Վահան Քերոբյանի գործը «բուրդ է» վկայում է նաև այն հանգամանքը, որ նա մինչ այս պահը, ինչպես հայտնում են MediaHub-ի աղբյուրները, Քննչական կոմիտեում է: Եվ այս, նրա համար ոչ հուսադրող հաղորդագրությունից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Քերոբյանին կկալանավորեն: