Դրանց դրոշը չվառեք, անվայել պահվածքով աչքի չընկնեք․ սպորտային մեկնաբանը՝ Հայաստան-Թուրքիա սպասվող խաղի մասին

Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստան-Թուրքիա հանդիպումները չեն կարող լինել պարզապես ֆուտբոլային հանդիպումներ, ու երբ վիճակահանությունը տեղի ունեցավ և պարզ դարձավ, որ մեզ հետ նույն խմբում Թուրքիան է հանդես գալու, մեզ համար Եվրո-2024-ը բաժանվեց երկու մասի՝ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումներ և Եվրո-2024-ի ընտրական մրցաշար։ Մի կողմից լավ է, որ մրցաշարը սկսում ենք տանը՝ Թուրքիայի դեմ խաղով, բայց որքան էլ ասեն, որ թուրքական ֆուտբոլը ճգնաժամի մեջ է, պետք է հասկանանք, որ վարկանիշային աղյուսակում նրանք մեզնից շատ բարձր տեղ են զբաղեցնում և Եվրոպայի ամենավտանգավոր, ուժեղ թիմերից մեկն է։
Կայանալիք խաղի ակնկալիքների վերաբերյալ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց սպորտային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը։
«Հնարավոր չէ չքաղաքականացնել, պարզապես հնարավոր չէ՝ պատմականորեն հարցեր ունենք իրենց հետ։ Ֆուտբոլիստները բնականաբար ճնշում են զգալու, ամեն դեպքում, մենք մի քանի առավելություններ ունենք խաղից առաջ՝ նոր մարզիչ է, ձեռագիրը նոր է, ոգևորվածություն կա, նոր ֆուտբոլիստներ ունենք, մի քանի մարզման ներկա եմ եղել, աուրան, ոգին լրիվ հուսադրող է: Այո, Թուրքիայի հավաքականը մեզնից բարձր մակարդակում է, բայց ես ընկճվածություն չեմ նկատում որևէ ֆուտբոլիստի մոտ»,-ասաց նա։
Կարա-Պողոսյանի խոսքով՝ կարևոր է երկրպագուների դերը, որոնք հնարավորինս պետք է լինեն զուսպ, ոգևորող։
«Մի կոչ ու խնդրանք ունեմ. մենք ընդամենը մի փոքր մարզադաշտ ունենք, ուղղակի խնդրում եմ, խաղադաշտ չվազել, դրանց դրոշը տրիբունաներում չվառել, անվայել պահվածքով աչքի չընկնել, ցանկացած անմտածված քայլ մեր երկրին է վնասելու, մի քանի տարով կարող ենք որակազրկվել: Աստված չանի, որ այդպես լինի, բայց այդ դեպքում ստիպված ենք լինելու մեր հյուրերին հարևան երկիր Վրաստանում դիմավորել, ու մեր հավաքականի խաղերը հարևան երկրում նայել»,- դիմեց մեր զրուցակիցը երկրպագուներին։
Կարա-Պողոսյանը կանխատեսելի հաշիվ նշել դժվարացավ, հատկապես այս խաղից առաջ, և նշեց, որ միայն պետք է դրական արդյունքի սպասումով լցվել։
Լիաննա Թորոսյան