Կարևոր է, որ խաղաղության հասնենք, բայց ոչ զիջելով․ Տիգրանաշենի գյուղապետ 

Կարևոր է, որ խաղաղության հասնենք, բայց ոչ զիջելով․ Տիգրանաշենի գյուղապետ 

Մեզ համար այսօր ամենաառաջնային հարցը ճանապարհներն ու կոմունիկացիաները չեն, սրանք լուծվող հարցեր են, մեզ համար այստեղ հարցը տարածքն է, որը մերն է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Տիգրանաշեն և Պարույր Սևակ վարչական տարածքների ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը՝ խոսելով Փաշինյանի արած հայտարարությունների մասին։ 

Հիշեցնենք, Մոլդովայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել՝ իր նշած ԽՍՀՄ 1975թ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը. 

«Շատ կոնկրետ չասեմ, բայց ենթադրենք, մենք ելնում ենք այն կանխավարկածից քաղաքական մակարդակով, որ էդտեղ եղել է Քյարքի: Ենթադրենք մենք ասում ենք՝ պետք է գնանք իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ էդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք, եւ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի եւ Քյարքին վերցնի: Բայց եթե նույնիսկ էդպես է, ես ուզում եմ, որ էդ հարցի արժեքը չգերագնահատենք, որովհետեւ այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային ն անլուծելի պրոբլեմ»,-ասել է Փաշինյանը: Նա նաև ասել է, որ անկլավների հարցն այսօր հաճախ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցության համար, բյաց ինքը վերջերս գնացել է Ոսկեպար գյուղ, այնտեղ մարդիկ հարցրել են՝ ինչ է լինելու, ինչին պատասխանել է՝ «ժողովուրդ, դեռ որեւէ կոնկրետ որոշում չկա, բայց եկեք այդ հարցի շուրջ լարվածությունը թուլացնենք: 

Մեր զրուցակիցը շարունակեց. «Այստեղ այդ ԽՍՀՄ քարտեզի շուրջ համաձայնության գալն է, որովհետև դեռ հարցական է՝ Ադրբեջանը կհամաձայնի Արծվաշենը վերադարձնել, թե չէ։ Մեզ համար կարևոր է, որ խաղաղության հասնենք, բայց ոչ զիջելով։ Մասնագիտական մոտեցումն է պետք, ես տերմիններով չեմ կարող բացատրել, թե ինչ ճանապարհով և ինչ մոտեցմամբ պետք է հարցը լուծվի»,-ասաց նա։ 

Հարցին, եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանի վերահոսկողության տակ, ապա ինչ սցենար պետք է ակնկալել, Լյուդվիգ Ստեփանյանը  պատասխանեց․ 

«Մեզ այս հարցը հաճախ են տալիս, բայց այսպես դիտորդի նման հարցեր տալով ոչինչ չի փոխվելու։ Ստեղծված իրավիճակը շատ լուրջ է, բաներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք չգիտենք, թե ինչ է սպասվելու, անվտանգությունն ինչպես է ապահովվելու, ինչի ենք հասնելու։ Իմ նպատակն այն է, որ բոլորս կենտրոնանանք այս հարցի շուրջ։ Իսկ մենք մեր գյուղից գնալ չենք պատրաստվում»,-ընդգծեց Ստեփանյանը։ 

Լիաննա Թորոսյան