Փոխնախարարն ու ԾԻԳ ղեկավարը Ավանեսյանին հորդորել էին՝ չբացել անավարտ հիվանդանոցը․ «Հրապարակ»

Փոխնախարարն ու ԾԻԳ ղեկավարը Ավանեսյանին հորդորել  էին՝  չբացել անավարտ հիվանդանոցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս գրել էինք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բացված Մարտունու հիվանդանոցի չշտկված թերությունների մասին, որ հաջորդ պաշտոնանկ արվող մարզպետն ինքը չլինի։ Հիվանդանոցի շուրջ բարձրացած սկանդալից հետո նախարար Անահիտ Ավանեսյանը, եւս իրեն ապահովագրելու համար, աշխատանքից ազատել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին եւ նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի՝ ԾԻԳ-ի ղեկավար Երվանդ Էլիբեկյանին` նրանց հորդորելով դիմումներ գրել, կամովին հեռանալ։ 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված երկու պաշտոնյան էլ նախարար Ավանեսյանին նախապես տեղեկացրել են հիվանդանոցի անավարտ եւ թերի վիճակի մասին ու հորդորել են` ժամանակից շուտ չանել պաշտոնական բացումը, քանի որ հիվանդանոցը դեռ պատրաստ չէ շահագործման։ Ե՛վ Արմեն Նազարյանը, ե՛ւ Երվանդ Էլիբեկյանը մեզ հետ զրույցում չհերքեցին մեր այս տեղեկությունը։ «Ես հիմա պաշտոնապես արձակուրդի մեջ եմ, այդ թեմայով ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել։ Դուք կարող եք գնալ Մարտունու հիվանդանոցում շրջել` շինարարությունն էլ, ամեն ինչն էլ տեղում է»,- անորոշ պատասխան տվեց Նազարյանը։ «Սեփական դիմումի համաձայն եմ աշխատանքից ազատվել, իսկ մյուս հարցերը խնդրում եմ առողջապահության նախարարությանը տալ»,- Մարտունու հիվանդանոցի սկանդալի պատճառով պաշտոնանկ լինելու վերաբերյալ մեր հարցին այսպես արձագանքեց Էլիբեկյանը։ 

Նախարարությունից մեզ ասացին, որ նրանք ազատվել են սեփական դիմումների համաձայն, բայց հայտնի է, թե մեզանում ինչպես են այդ դիմումները «գրվում»:

Ավելի վաղ գրել էինք, որ անցած տարի՝ նոյեմբերի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունը։ «Սա շատ կարեւոր օր է մեզ համար ոչ միայն այն պատճառով, որ նորակառույց եւ լիարժեք հագեցած բժշկական կենտրոն ենք բացում Մարտունիում, այլեւ սրանով, ըստ էության, Հայաստանում առնվազն 50 բժշկական հաստատությունների շինարարության ավարտական, եզրափակիչ փուլի մեկնարկ ենք տալիս»,- հայտարարել է Փաշինյանն այդ օրը։ Բացման արարողությունից, սակայն, անցել է երկու ամսից ավելի, բայց ժամանակակից տեխնիկայով հագեցած այդ բժշկական կենտրոնը դեռեւս չի գործում: Պարզվում է՝ կան այնպիսի թերություններ, որ ԲԿ-ն հնարավոր չէ շահագործել: Իսկ պատկան մարմինները հապաղում են դրանք վերացնել սահմանված ժամկետներում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում