Ընդդիմությունը հեռացնելո՞ւ է վրանները Ֆրանսիայի հրապարակից

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր ժամը 19:00-ին, հնգօրյա դադարից հետո, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է անցկացվելու։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ի հանրահավաքից հետո ընդդիմությունը չէր լքել փողոցը, պարզապես միջոցառումների բնույթն էր փոխել․ պայքարի հրապարակում մշակութային հանդիպումեր ու քննարկումներ էին անցկացվում։
Ընդդիմության կողմից մեծ հանրահավաքներ չանցկացնելն իշխանական թևը որակեց որպես շարժման վերջնական «փլուզում», քաղաքացիներից շատերը ևս սկսեցին կարծիքներ հայտնել, որ պայքարը մաշվել է։ Սակայն, հենց այդ ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց, թե երկու օրից, այսինքն՝ հունիսի 14-ին, ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը հայտարարելու է ընդդիմության շարժման արդյունքի մասին։
Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո ըդդիմությունը սոցիալական տարբեր հարթակներով սկսեց իրազեկել քաղաքացիներին, որ հունիսի 14-ին սպասվում է մեծ հանրահավաք։
Այդ ֆոնին, երբ Իշխան Սաղաթելյանը պետք է ամբիոնից հայտարարի հետագա անելիքների ու անցած մեկ և կես ամսում գրանցած արդյունքի մասին, իշխանամերձ ԶԼՄ-ները սկսել են լուրեր տարածել, թե այսօր Ֆրանսիայի հրապարակից հեռացվելու են ընդդիմության վրանները։ Նկատենք՝ մեկ շաբաթ առաջ էլ էին լուրեր տարածվում, թե Ֆրանսիայի հրապարակում շուտով ոչ մի վրան չի մնալու, սակայն Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանները կհեռացվեն այն ժամանակ, երբ այլևս դրանց կարիքը չի լինի, իսկ այս պահին նման ծրագիր չկա։
Արդյոք վերջին մեկ շաբաթվա ընթացքում որևէ բան է փոխվե՞լ ընդդիմության ծրագրում, և իրո՞ք վրանները հեռացնելու որոշում կա, փորձեցինք պարզել՝ զրուցելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ։
Նա նախ նկատեց, որ զարմանալի չէ իշխանական ԶԼՄ-ներում նման նյութեր տեսնելը, ապա նկատեց, որ ընդդիմությունը պատրաստվում է ռազմավարական ու մարտավարական փոփոխություններին։
«Որևէ այլ բան չեմ կարող ասել այս պահին, Իշխան Սաղաթելյանը այսօր հայտարարելու է, թե ինչ փոփոխություններ են արվելու մեր ռազմավարության ու մարտավարության մեջ»,- ասաց Մանուկյանը։
Դիտարկմանը, որ այսինքն՝ ինքը ոչ հերքու, ոչ էլ հաստատում է վրանները հեռացնելու մասին լուրը, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով․ «Բոլոր հարցերի պատասխանները կլինեն այսօր՝ 19:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»։
Նարե Գևորգյան