Չի կարող մեկին իր նստած տեղը հարվածեն, դրանից 4 մետր այն կողմ ընկնի․ Դանիելյանը՝ Վարդանյանի մասին

Սա ընդամենը քաղաքական հետապնդում է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով փակ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին։ Նշենք, որ դրանից հետո գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել՝ Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն ստանալու համար։

Նրա խոսքով՝ դատախազությունը ապաքաղաքական, անկախ կառույց է, այնինչ, հիմա ընտրովի արդարադատություն է իրակակացվում, որի դեմ էլ իրենք պայքարում են։

«Եթե Մհեր Սահակյանը օրենք է խախտել, ապա պետք է իր գործածի համար պատասխանատվություն կրի, ոչ թե սարքած գործով։ Իսկ հիմա սարքվում է ինչ-որ գործ։ Նախ ասացին, որ ինչ-որ առարկայով է խփել, հետո հերքվեց, ապա այլ ստեր տարածվեցին, ու հերոսաբար հաղթահարվեցին այս ստերը»,- նշեց նա։

Դանիելյանը տեղեկացրեց, որ այս պահին կալանքի որոշում չկա, բայց չի բացառվում, որ գործը տանեն դեպի կալանավորում։ 

«Ես չեմ զարմանա, որ մի օր էլ այդ հարցը առաջ գա։ Այդ ամենն արվում է նրա համար, որ Մհեր Սահակյանին ձերբակալված պահեն։ Բայց քանի որ ամեն ինչ ակնհայտ էր, չկարողացան շարունակել այդ գործընթացը»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱԺ-ում առերեսումներ են եղել, պարզվել է, որ Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր է կացել, թեև հերքվում էր այդ ամենը ՔՊ-ականների կողմից։

«Չի կարող մեկին իր նստած տեղը հարվածեն, դրանից 4 մետր այն կողմ ընկնի։ Ախր ամեն ինչ այնքան պարզ է, իր ընկնելու տեղն էլ է հայտնի»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։